Բաժին. Ֆինանսական

60 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն Չինաստանի կառավարության կողմից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Share