Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հյուրընկալել է Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի Ընդհանուր ժողովը և Աշխատաժողովը

2016թ.-ի հունիսի 1-3-ը Երևանում տեղի ունեցավ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (The Association of National Numbering Agencies (ANNA))  հերթական ընդհանուր ժողովը և աշխատաժողովը (Workshop): Այս տարի առաջին անգամ նշված միջոցառումները հյուրընկալում էր «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ), որը ANNA-ի լիիրավ անդամ է:

ANNA-ի անդամների և գործընկերների համար նախատեսված եռօրյա ընդհանուր ժողովը և աշխատոժողովը իրենց շուրջ էին համախմբել աշխարհի 35 երկրների բորսաների, դեպոզիտարիաների և շուկայի կարգավորողների ավելի քան 60 ներկայացուցիչների: Ժողովի օրակարգը ներառում էր ասոցիացիայի ընդհանուր գործունեությանը, ինչպես նաև միջազգային  ստանդարտների կիրառմանն ու նոր ֆինանսական ծառայությունների գործարկմանն առնչվող մի շարք հարցեր:

Հատկանշական է, որ նշված միջոցառումների շրջանակներում` բուն աշխատոժողովից և ընդհանուր ժողովից առաջ, ANNA-ի և ՀԿԴ-ի հետ համատեղ կազմակերպվեց “ANNA Meets the Market” (ANNA-ն ծանոթանում է շուկային) խորագիրը կրող հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ANNA-ի տնօրենների խորհուրդը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, Արժույթի միաջազգային հիմնադրամի, Կենտրոնական բանկի, Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, ՀՀ բանկերի և ներդրումային ընկերությունների, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀԿԴ-ի ղեկավար անձինք ու այլ ներկայացուցիչներ:

Հանդիպումը ծանոթության ձեռքբերման բնույթ էր կրում, որի ժամանակ երկուստեք ներկայացումների միջոցով հադիպման մասնակիցներին ներկայացվեցին ինչպես ANNA ասոցիացիան, այնպես էլ վերջին ժամանակաշրջանում ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցած զարգացումներն ու հատկանշական իրադարձությունները:

Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն ANNA-ի գործընկեր կազմակերպություն է հանդիսնաում 2009 թ.-ից, իսկ 2014թ.-ի դեկտեմբերից այն արդեն ասոցիացիայի լիիրավ անդամ է:

Հիշեցնենք, որ ANNA ասոցիացիան ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադիր 22 համարակալման ազգային գործակալությունների կողմից՝ արժեթղթերին և ֆինանսական այլ գործիքներին շնորհվող ծածկագրերի միջազգային միասնական չափանիշների մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ANNA-ն անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրեր (ISIN)` ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրեր (CFI)` ISO 10962 ստանդարտին համապատասխան:

Ներկայումս ANNA-ն միավորում է ավելի քան 120 երկրների համարակալման ազգային գործակալությունների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ասոցիացիայի պաշտոնական կայք www.anna-web.org.

Share