Բաժին. Ֆինանսական

12 մլրդ դոլար՝ ադրբեջանական մանաթի փոխարժեքը պահելու համար

Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի և Կենտրոնական բանկի ռազմավարական արտարժույթի պահուստը 2015 թվականի ընթացքում 12 մլրդ 271,6 մլն դոլարով կամ 24,1 տոկոսով կրճատվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ասվում է Հիմնադրամի 2015 թվականի գործունեության մասին զեկույցում:

«Այդ կրճատումը կապված է եղել ադրբեջանական մանաթի փոխարժեքի վրա ցածր նավթային գների բացասական ազդեցությունը կանխելու նպատակով բազմամիլիարդ ներխուժում կատարելու հետ», -ասվում է զեկույցում:

Նշվում է, որ Նավթի հիմնադրամի բաժինն այդ ներդրման մեջ կազմել է պահուստի 87 տոկոսը կամ 33,57 մլրդ դոլար, մնացած 13 տոկոսը կամ 5,03 տոկոսը` բաժին է ընկել ԿԲ-ի արտարժույթի պահուստին:

Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմեդովը AzVizion.az լրատվական կայքի հետ զրույցում հայտարարել է, որ ադրբեջանական մանաթն առաջիկայում, անցյալ տարվա փետրվարի համեմատ, կէժանանա մոտ 2,3 անգամ:

«Նավթի ցածր գները լուրջ ազդեցություն են գործում մանաթի փոխարժեքի վրա: Մեծացել է ներմուծումը: Ադրբեջանի կենտրոնական բանակը մանաթի մեղմ արժեզրկում է սկսել և այդ գործընթացը պետք է շարունակվի ու տարվա վերջին մանաթը ձեռք կբերի իրական շուակայական արժեքը: Մանաթի փոխարժեքը արհեստականորեն կայուն պահելու փող ծախսելու իմաստ չկա: Այդ փողը պետք է ուղղվի այլ ոլորտների զարգացմանը», -ասել է նա:

Պատգամավորը գտնում է, որ մինչև տարեվերջ 100 դոլարը կարժենա 170-180 դոլար:

Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետների կարծիքով` մոտ ժամանակում մանաթի փոխարժեքը զգալիորեն կընկնի և մեկ ԱՄՆ դոլարը կարժենա նվազագույնը 2 մանաթ:

Բաքվում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աօրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասըմովը հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի` SOCAR-ի ներքին պարտքը կազմում է 1,095 մլրդ դոլար, իսկ կոնսոլիդացված պարտքը` 6,3 մլրդ դոլար, կամ մոտ 9,4 մլրդ մանաթ: SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի Նավթի հիմնադրամի և պետբյուջեի գլխավոր մատակարարը:

«Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկար ժամանակ հսկայական միջոցներ քամուն տալուց հետո, այդ թվում` տարօրինակ լոբբիստական նախագծեր ու միջազգային մրցումների հովանավորում, SOCAR-ը փակել է իր գրասենյակները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում և Շվեյցարիայում:

«Ազադլըգ» ռադիոկայանը հայտնել էր, որ SOCAR Trading Group-ը 250 մլն դոլար հերթական վարկը օրերս վերցրել է UniCredit Bank Austria բանկից: Վարկն ուղղված է ընկերության առևտրային գործունեության պաշտպանությանը: Ադրբեջանի ընդդիմությունը SOCAR-ին խստորեն քննադատել է արտաքին փոխառությունների համար` հիշեցնելով, որ անցյալ տարի ընկերությունը 489 մլն դոլար վարկ է ստացել Gazprombank-ից, Ադրբեջանի միջազգային բանկից` 1 մլրդ 291 մլն դոլար, Կանադայից` 3,3 մլրդ դոլար, և պատրաստվում է 2 մլրդ դոլարի վարկ ստանալ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից ու Ասիական զարգացման բանկից, և ևս 1 մլրդ դոլար վարկ` Կորեայի Eximbank-ից:

Ադրբեջանի ընդդիմությունը համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում SOCAR-ի վերցրած վարկերը վճարելու է պետությունը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ ամիս գնալով մեծանում է և արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլրդ դոլարը:

ԱՊԱ լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Միջազգային վարկանիշային Moody`s գործակալությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի CFR (Corporate Family Rating) վարկանիշը` էմիտենտի սեփական պարտավորությունները կատարելու ունակությունը հաստատել է Ba1 մակարդակի: SOCAR-ի SUR (Senior Unsecured Rating) վարկանիշը (խոշոր պարտքային պարտավորությունները) և դեֆոլտի հավանականության գծով վարկանիշը ևս Ba1 մակարդակի վրա է, իսկ SOCAR-ի վարկանիշների գծով կանխատեսումը նեգատիվ է:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնում է, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

OPEC-ի կանխատեսումներով` Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը չի գերազանցի 820 հազար բարելը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետևանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 150 տոկոսով արժերկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share