Բաժին. Ֆինանսական

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ ՖԻՆՏԵԽ գործնական դասընթացի մասին

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատությունը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը Երևանում հյուրընկալել են երկրի ֆինանսական համայնքի 45 անդամների, որոնք հունիսի 27-ին  մասնակցել են ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենավերջին զարգացումներին վերաբերող գործնական դասընթացին (ՖԻՆՏԵԽ):

«ՖԻՆՏԵԽ-ի դերը. Բանկային հատվածի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը կրող դասընթացների շրջանակում լուսաբանվել է տեխնոլոգիաների օգտագործումը ֆինանսական ծառայություններում և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի ֆինանսական հատվածի վրա, ինչպես նաև անդրադարձ է արվել խնդրին, թե ինչպես են հաճախորդների պահանջները փոփոխում բանկային ծառայությունների մատուցումը:    Գործնական դասընթացը երրորդ միջոցառումն էր ՀՀ կենտրոնական բանկի և ՀԵԵՀ ԶՀ-ի միջև երկարաժամկետ գործակցության մաս կազմող կրթական միջոցառումների շարքում, որի շրջանակում կողմերը հույս են հայտնել, որ նմանօրինակ կրթական միջոցառումներ կարող են իրականացվել գործընկերների հետ այլ երկրներում ևս:

ՀԵԵՀ ԶՀ-ի նախագահ Մարկուս Աշենդորֆը նշել է. «Այս գործնական դասընթացը վառ վկայությունն է այն բանի, որ ՀԵԵՀ-ի տեխնիկական աջակցությունն իր նպաստն է բերում  ֆինանսական շուկաներին: Դասերը, որ սովորել ենք, կօգնեն մեզ բարելավել ՖԻՆՏԵԽ վերապատրաստումները, հարմարեցնել դրանք մյուս շուկաների պահանջներին, ինչպես նաև շարունակել գործընկեր հաստատությունների ֆինանսավորումը, քանի որ մենք աշխատում ենք ֆինանսական հատվածների պատասխանատու զարգացման ուղղությամբ»:

Այս գործնական դասընթացի հիմքում ընկած են թվային ֆինանսական ծառայությունների վրա կենտրոնացած բազմաթիվ նախորդ նախագծերը: Դասընթացը ՀԵԵՀ ԶՀ-ի առաջին միջցառումն էր, որ լուսաբանում էր ֆինանսական ծառայությունների ոլորտում մեծ կարևորություն ստացող ՖԻՆՏԵԽ-ին վերաբերող խնդիրներ: Ի լրումն այս դասընթացի, ՀԵԵՀ ԶՀ-ն նախատեսում է մինչև այս տարեվերջ անցկացնել ՖԻՆՏԵԽ գլոբալ մրցակցության միջոցառում, որի նպատակն է մեկտեղել գործարարներին, ովքեր կարող են իրենց նպաստը բերել ֆինանսական ծառայությունների ընդգրկվածության ավելացմանը, ծախսարդյունավետությանը, թափանցիկությանն ու մատուցման ժամանակի կրճատմանը, ինչպես նաև ՓՄՁ և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար կայուն ֆինանսավորման հասանելիություն ապահովելու աշխատանքներին:

Սրանով հետաքրքրված սկսնակ գործարարներն ամբողջ աշխարհից, որոնք ունեն կամ առաջարկում են ՀԵԵՀ երկրների համար շահավետ ապրանքներ կամ ծառայություններ, կարող են մուտքի դիմումներ ներկայացնել ամենաուշը 2016 թ. օգոստոսի վերջից: Եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա Բեռլինում՝ տարվա ավարտին, իսկ դրան կմասնակցեն ընտրությունն անցած լավագույն դիմորդներն ու պոտենցիալ ներդրողները:
 
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատությունը ստեղծվել է 2006 թ.՝ հիմնադրամի զարգացման ֆինանսական մանդատի իրականացումը սատարելու նպատակով: Այն կոչված է արդյունավետ, նպատակային և նորարարական տեխնիկական աջակցության շնորհիվ ավելացնել թիրախային երկրներում հիմնադրամի զարգացման ֆինանսական մանդատի ներգործությունն ու ընդգրկվածությունը: ԶՀ-ի ծառայությունները ներառում են կարողությունների զարգացում և ուսուցում, ֆինանսական հատվածի աջակցություն և կիրառական հետազոտություն, որի նպատակն է ամրապնդել Հիմնադրամի գործընկեր վարկային հաստատությունների ներքին կարողությունները և գործունեությունը: ԶՀ-ի գործունեությունն անկախ է Հիմնադրամից և Լյուքսեմբուրգի օրենքի համաձայն գործում է ֆիդուցիար պայմանավորվածության ներքո: Զարգացման Հաստատության հանձնաժողովը, որի կազմում գործում են անդամներ KfW Զարգացման Բանկից, Ավստրիայի Զարգացման Բանկից, Հոլանդական Զարգացման Բանկից և Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունից, պատասխանատու է ծրագրային  բոլոր առաջարկների գնահատման ու հաստատման և ԶՀ ռազմավարական ուղղությունների համար:

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի ստեղծումը նախաձեռնել է KfW Զարգացման Բանկը՝ Գերմանիայի Տնտեսական Համագործակցության և Զարգացման Դաշնային Նախարարության և Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի խթանել 16 երկրների տնտեսական զարգացումը և բարգավաճումը Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպական Արևելյան Հարևանությունում: Քանի որ ֆինանսների հասանելիությունը առանցքային խնդիր է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) հաջող զարգացումն ապահովելու գործընթացում, Հիմնադրամը ձգտում է բարելավել տեղական ֆինանսական կառույցների բավականաչափ ու կայուն ֆինանսավորում ապահովելու ունակությունը: Թեև մասնավոր տնային տնտեսությունների համար ֆինանսավորումն առաջարկվում է բնակարանային վերանորոգման վարկերի տեսքով, ՀԵԵՀ-ն հիմնականում երկարաժամկետ ֆինանսներ է տրամադրում ՄՓՄՁ-երին: Ֆինանսական միջոցներն այս հաճախորդներին են ուղղվում տեղական գործընկեր վարկային հաստատությունների միջոցով: Հանդիսանալով KfW-ի տնօրինության տակ գտնվող չորս բազմադոնոր ծրագրերի շարունակություն՝ ՀԵԵՀ-ն իր տեսակի մեջ առաջին պետական-մասնավոր գործընկերությունն էր ու առաջին մասնավոր կառավարվող հիմնադրամը, որը կոչված էր աջակցել նպատակային տարածաշրջանում գործող ՄՓՄՁ-երի համար ֆինանսավորում տրամադրելու գործընթացներին: Լյուքսեմբուրգում գործող «Օպենհայմ Ասեթ Մենեջմենթ Սերվիսիզ» մասնավոր ընկերությունը հանդես է գալիս որպես ՀԵԵՀ հիմնադրամի կառավարիչ, իսկ Գերմանիայի «Ֆայնենս ին Մոուշն» ընկերությունը՝ որպես խորհրդական:

Share