Բաժին. Ֆինանսական

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տասնմեկերորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2016թ.-ի հուլիսի 06-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN – AMARBKB2BER6) բորսայում կշրջանառվեն ARBKB2B բորսայական հապավմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում (http://www.nasdaqomx.am/am/instruments.htm):

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկը: Ընկերության պարտատոմսերի նախորդ 10 թողարկումները հաջողությամբ ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007-2016 թվականներին, որոնցից 6-ը մարվել են: Ներկայումս Բանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK) թույլատրված են առևտրի, իսկ ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB8, ARBKB9, ARBKB2A) ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից  «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի, իսկ 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ արժեթղթերի շուկայի կարևոր ենթակառուցվածքային ինստիտուտներներից են: Բորսան շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

Share