Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2016 թ. հունիսի 28-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. հունիսի 28-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 28-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. մայիսին արձանագրվել է 0.7% գնանկում, որը կրկին մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ ավելի քան 0.4 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Կաթնամթերք»  ապրանքախմբերի ապրանքների ու ձվի գները՝ համապատասխանաբար 7.1%, 0.5% և 11.4%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.54 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1-ական տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների նվազումը: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում նվազել են հիմնականում «Հագուստ և գործվածք» և «Գեղահարդարման ապրանքներ» ապրանքախմբերի գները, իսկ ծառայություններից՝ «Բնակարանային, կոմունալ» ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 1.7%, 1.3% և 0.8%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.23 տոկոսային կետ): Մայիսի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել -2.1%:

2016 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցել է ակնկալիքները՝ կազմելով 5.5%, որը պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի 8.8%, ծառայությունների ոլորտի 8.6% և cյուղատնտեսության ճյուղի 4.7% աճերով: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասվում էր, երկրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի 1.6 զսպող: Չնայած ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս ցածր տեմպերով, այդուհանդերձ, երկրորդ եռամսյակում դիտվել է համախառն պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնում, որի մասին են վկայում առևտրի, վարկավորման և ներմուծման աճերը: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել արտահանման` պահպանվող բարձր աճի շնորհիվ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է շուրջ 0.7 տոկոսային կետով՝ կազմելով 7.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 7.8%, իսկ կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.8 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 9.8% և 13.6%:

ՀՀ արտարժույթի շուկայում մայիսի 18-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. մարտի 30-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.5%-ով` կազմելով 478.0 դրամ, եվրոյի նկատմամբ արժևորվել է 1.7%-ով՝ կազմելով 537.1 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.3%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ. հունվար-մայիսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք  է բերվել գների որոշակի կայունություն: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. հունիսի 2-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը դեռևս նվազող է՝ շուրջ 7.0%-ով): ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երկրորդ եռամսյակում կաճի տ/տ 3.0%-ով (եռ/եռ 9.5% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կաճի տ/տ 17.3%-ով (եռ/եռ 0.2% նվազում):

Ըստ ԿԲ գնահատումների, երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի աճը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 34.3% (տ/տ 26.0% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 1.0%-ով (տ/տ 22.1% նվազում):

2016 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 2.8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 2.3%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Արտաքին հատվածում հիմնականում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային ապրանքային շուկաներում ձեռքբերված հարաբերական կայունությունը, ընդ որում որոշ ապրանքների գծով դիտվել են որոշակի գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ: Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

2016 թ. հունիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.0% և 6.0%:

Share