Բաժին. Ֆինանսական

ՀՀ կառավարություն. կակտիվանա պարտատոմսերի շուկան

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նպատակադրվել է ակտիվացնել պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռվի պետական կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսերին շնորհել ISO 6166 ստանդարտի համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր(ISIN): Ներկայումս պետական պարտատոմսերին յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է պետական գրանցման համար: Տարբերակիչ ծածկագիրը շնորհվում է պետական պարտատոմսերի շրջանառությունը միջազգային պահառուական համակարգերով ապահովելու, օտարերկրյա ներդրողների համար պետական պարտատոմսերի շուկան առավել հասանելի դարձնելու համար: Որոշման արդյունքում ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերը ճանաչելի կդառնան միջազգային պահառուական համակարգերում, կընդլայնեն օտարերկրյա ներդրողների կազմն ու աշխարհագրությունը:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի իրական պատկերն արտացոլելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ ձևավորվում է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգվում են դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր դուրս են գրվում՝ շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը: Հարցը զեկուցողին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է հանրությանը ներկայացնել որոշման մանրամասները, տալ պարզաբանումներ:

ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստացվելիք 30 մլն ԱՄՆ դոլար վարկից 2016թ. մասհանվող գումարները կառավարության որոշմամբ ներառվել են ՀՀ 2016թ. պետբյուջեի եկամուտներում և ծախսերում:

Share