Բաժին. Ֆինանսական

Հասան Ռոուհանի. միջուկային գործարքից հետո Իրանի տնտեսական վիճակը բարելավվում Է

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է օգոստոսի 2-ին իրանական հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում:«Նախքան համաձայնագրի կնքումը Իրանը գտնվում էր պատժամիջոցների ծանր ճնշման ներքո, եւ իրադրությունն օրեցօր վատթարանում էր:

Մենք խնդիրներ ունեինք՝ կապված համաշխարհային շուկայում նավթի վաճառքի հետ, լուրջ դժվարություններ կային ավտոարդյունաբերության, նավթաքիմիական արդյունաբերության մեջ, այլ ճյուղերում: Այժմ իրադրությունը նկատելիորեն բարելավվել է: Իհարկե, որոշակի պահանջներ կան հակառակ կողմի (Իրանի հետ համաձայնագիր կնքնած) նկատմամբ, սակայն, ընդհանուր առմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործումն սկսելը բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական իրադրության վրա»,- ընդգծել է Իրանի նախագահը:

Նա որպես օրինակ է բերել Իրանում նավթի արդյունահանմանը վերաբերող վիճակագրական տվյալները: Եթե անցյալ տարի, նախքան համատեղ պլանի իրագործումն սկսելը, երկիրն օրական արդյունահանում էր 3,25 մլն բարել նավթ, ապա հուլիսին այդ ցուցանիշը կազմել է արդեն 4,154 մլն բարել: Ռոուհանին հույս է հայտնել, որ Իրանը 2016 թվականի արդյունքներով կկարողանա հասնել նախանշված 5 տոկոս տնտեսական աճին:

Իրանական հեռուստատեսությամբ Ռոուհանիի ելույթը նվիրված էր նրա կողմից Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու երրորդ տարեդարձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share