Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ. գործարկվեց Տվյալների մշակման նորագույն կենտրոնը

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց Տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման աշխատանքները: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը նախատեսված է սերվերային, ցանցային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման և անխափան աշխատանքի ապահովման համար: «Յունիբանկի» կենտրոնը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով և կարող է պահել ու մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ:

«Նման հզոր և ժամանակակից կենտրոնի շահագործման հարցը մեզ համար առանձնակի արդիական էր: «Յունիբանկը» Հայաստանի ամենաիննովացիոն բանկերից մեկն է, որը մշտապես ակտիվ ներդրումներ է կատարում ՏՏ ոլորտում` բիզնեսի զարգացում և անընդհատ աճ ապահովելու, ինչպես նաև հաճախորդների որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: Առաջին անգամ Հայաստանում կառուցվել է նման շարժական կենտրոն, որն առանձնանում է անխախտության բարձր մակարդակով և երաշխավորված ապահովում է բանկի բոլոր տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը, – նշեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

«Յունիբանկի» կենտրոնի ևս մեկ առավելությունն իր շարժականությունն է: Ֆորս մաժորային իրավիճակներում կենտրոնը կարող է հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից և ապահովում են ավտոնոմ աշխատանք:

«Ժամանակակից բանկային գործում տեղեկատվական ռեսուրսների լիարժեք ռեզերվման ու անխափան աշխատանքի, ինչպես նաև մեծ ծավալների տեղեկատվության ապահով մշակման կարևորությունն ակնհայտ է: Բանկի Տվյալների մշակման կենտրոնը նախագծված և կառուցված է առաջատար հաշվողական և ինժեներական ենթակառուցվածքների հիման վրա, և հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ, որը ոչ միայն ապահովում է բանկի առանցքային բիզնես գործընթացների անվտանգությունը, այլ նաև հանդիսանում է վստահելի հիմք նոր լուծումների և մշակումների ներդրման համար», – նշեց Յունիբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների և իննովացիոն նախագծերի գծով տնօրենի տեղակալ Գենադի Լանդաուն:

Share