Բաժին. Ֆինանսական

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել իրանցի գործարարների հետ

Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը:

Նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել այն հնարավորություններին, որոնք  կարող են  հետաքրքիր լինել իրանցի գործարարների համար մեր երկրում ներդրումներ կատարելու, արտադրություն հիմնելու կամ հայաստանցի գործարարների հետ համատեղ արտադրություն իրականացնելու և դեպի Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության երկրներ արտադրանքի արտահանում կատարելու դեպքում: Խոսվել է հարկային, մաքսային արտոնությունների համակարգերի մասին:

Իրանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում գործող բանկային համակարգի, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, թեթև արդյունաբերության ոլորտին, մասնավորապես, տեքստիլի բնագավառին վերաբերող արտադրական հնարավորությունների, արտահանմանն ու ներմուծմանն առնչվող մի շարք այլ հարցերի մասին:

Հայաստանի ներդրումային առավելություններին մանրամասն ծանոթանալու նպատակով գործարարները հրավիրվել են մասնակցելու Երևանում սեպտեմբերի 19-ից 22-ը նախատեսվող “Made in Armenia” ցուցահանդեսին և դրա շրջանակում կայանալիք գործարար համաժողովին:

Share