Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. կառավարությունն ընթացիկ տարում ակնկալում է 2.4% իրական տնտեսական աճ

Հայաստանի կառավարությունն ընթացիկ տարում ակնկալում է 2,4 տոկոս իրական տնտեսական աճ՝ ծրագրված 2,2 տոկոսի փոխարեն: 2017 թվականի համար ծրագրված է 3,2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ ավելի բարձր տնտեսական աճ ակնկալվում է կապիտալ ծախսերի արդյունքում: Այս դեպքում ինչպիսի՞ հարկային ցուցանիշներ են ծրագրված: Հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ այս տարի կիրականացվի նախատեսվածից քիչ հարկերի հավաքագրում:

«Այս տարին կավարտենք 1 տրլն 62 մլրդ-ից մինչև 1 տրլն 72 մլրդ-ի չափով հարկերի հավաքագրմամբ: Դա ծրագրված ցուցանիշից 80 մլրդ-ով պակաս է: Հաջորդ տարի ծրագրում ենք 1 տրիլիոն 135 մլրդ հարկային մուտքեր»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա նախարարը նշեց, որ ծախսերի կտրուկ կրճատում գրեթե անհնար է, սակայն, մյուս կողմից, քանի որ պարտքը աճել է, հետևաբար, պետք է գնալ պարտքի կոնսոլիդացման:

«Դա նշանակում է, որ ապագա տարիներին պարտքը պետք է դարձնել կառավարելի: Չէ՞ որ, երբ պարտքն անընդհատ աճում է, սպասարկման ծախսերն են աճում, և եթե չկարգավորես,  ապա կհանգես մի իրավիճակի, երբ տոկոսային ծախսերը կարտամղեն այլ տեսակի ծախսերը: Սա մի իրավիճակ է, որը տեղի ունեցավ Թուրքիայում 2004 թվականին, Արգենտինայում՝ 2000-2002 թվականներին: Եվ որպեսզի նման իրավիճակում չհայտնվենք, պետք է գնանք պարտքի կոնսոլիդացման»,-ասաց նախարարը:

2017 թվականին կառավարությունը պակասուրդ- ՀՆԱ ցուցանիշը ծրագրել է 2.8 տոկոս՝ սպասելիք 5.9 տոկոսի փոխարեն: Նախարարը նշեց, որ դա շուրջ 150 մլրդ դրամ է, որի ֆինանսավորման աղբյուրները հետևյալն են. ակնկալվում է 70 մլրդ պակասուրդի ֆինանսավորումն իրականացնել ներքին աղբյուրների հաշվին, մնացածը` արտաքին:

Share