Բաժին. Ֆինանսական

KPMG-ն Հայաստանում ներդրումային մեծ ներուժ է տեսնում

Հայաստանը ներդրումային գրավչության և ռիսկերի մակարդակների վերաբերյալ տարբեր վարկանիշային աղյուսակների  արդյունքներով ԱՊՀ երկրների առաջատարների եռյակում է: Երևանում «Միջազգային կապիտալը որպես բիզնեսի աճի շարժիչ» խորագրով սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում «Քեյ Փի Էմ Ջի» խորհրդատվական  ընկերության գրասենյակի կապիտալի շուկաների, մետաղների և հանքարդյունաբերության բաժնի ղեկավար Օլգա Պլևակոն: «Հայաստանն առաջատարների եռյակում է զարգացած օրենսդրության և ներդրումային ենթակառուցվածքների առումով: Դրա համար մենք համարում ենք, որ այստեղ ներդրումների ներգրավման մեծ ներուժ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պլևակոն:

«Որքանո՞վ է Հայաստանի ֆինանսական շուկայում գործող ընկերությունների շահութաբերությունը գրավիչ օտարեկրացի ներդրողների համար հատկապես եթե համեմատելու լինենք ավելի կայացած համարվող շուկաների՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ» հարցին Պլևակոն պատասխանեց. «Գիտեք, ես կարծում եմ, որ այդ առումով Հայաստանն աշխատելու տեղ ունի, սակայն ձեր նշած երկրներում էլ իրավիճակն այնքան հարթ չէ: Ռուսաստանում և Ղազախստանում շահութաբերությունը շատ ցածր մակարդակի է հասել: Դրա համար ներդրողները, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից փնտրում են ներդրումային այլ հնարավորություններ, ուսումնասիրում են զարգացող շուկաները, փորձում են գտնել լավ օրենսդրություն ունեցող երկրներ: Այդ պատճառով մենք հույսեր ենք կապում Հայաստանի հետ և հույս ունենք, որ այստեղ իրապես ներդրումներ կարելի է անել»:

Նա հավելեց, որ փոքր մասշտաբներ ունեցող հայկական շուկան, միգուցե, հետաքրքիր չէ ներդրողների շատ լայն շրջանակների համար, սակայն կան ներդրողներ, ովքեր աշխատում են և կարողանում են աշխատել նման շուկաներում, գտնում են ներդրումային հնարավորություններ, կարողանում են ճիշտ օգտագործել լոկալ կազմակերպությունների բոլոր առավելություններն ու թերությունները, բիզնեսն ավելի գլոբալ դարձնել, ներդրումներ անել և շահույթ ստանալ:

Օլգա Պլևակոն նաև ընդգծեց, որ իրենք չեն ուսումնասիրել Հայաստանի ողջ ներդրումային հնարավորությունները, սակայն նկատեց, որ հայկական կազմակերպություններում, որոնց հետ իրենք աշխատում են, կան այնպիսիք, որոնք իրենց վրա լավ աշխատելու պարագայում կարող են ներդրումներ ներգրավել:

Share