Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին․ Հայաստանը շարունակում է կատարել իր պարտավորությունները

ՀՀ Կենտրոնական Բանկն արձագանքել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 13-ին հրապարակած մտահոգությանը: Կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տրամադրած պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկը, որպես կայացած և պրոֆեսիոնալ կառույց, իր գործունեության ընթացքում զերծ է եղել և մնում հասարակության շրջանում և մամուլում շրջանառվող ոչ մասնագիտական, չհիմնավորված գնահատականներին արձագանքելուց:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն մտահոգություն է հայտնել ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ՝ կանխատեսելով «դեֆոլտ», բացառության կարգով, ցանկանում ենք արձագանքել մեծարգո առաջին Նախագահին.

1. Դեֆոլտ, տվյալ դեպքում, նշանակում է  պետության կողմից պարտքային պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման բացակայություն կամ թերացում:

2. Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում է կատարել իր պարտավորությունները առանց որևէ խոչընդոտի և ապագայում չի նշմարվում  որևէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները: Ավելին, ակնառու են մի շարք ցուցիչներ, որոնք վկայում են ապագայում ՀՀ բավարար վարկունակության մասին.  պարտքի և արժութային շուկաների կայունությունը, վճարային հաշվեկշռի բարելավումը, միջազգային պահուստների բավարար մակարդակը, ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում պետական պարտատոմսերի շրջանառության ծավալների աճը և տոկոսադրույքների էական նվազումը»:

Share