Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական Բանկում կրճատումներ են սպասվում

Հրապարակ օրաթերթն անդրադարձել է ԿԲ-ում սպասվող կրճատումներին։

«Մեզ հասած տեղեկություններով՝ Կենտրոնական բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչև դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն ԱԺ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիր է առաջացել նաև Կենտրոնական բանկի աշխատակազմի հետ համագործակցող «Karcher» ընկերության հետ, որին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախաձեռնությամբ, արդեն մի քանի տարի, որպես outsource, հանձնվել Է բանկի մաքրման գործընթացը։ Արդյունքում բանկի հավաքարարները զրկվեցին հավելավճարներից ու սոցփաթեթից, սակայն այժմ պարզվում Է, որ «Karcher» ընկերությունը չի փոխանցել հավաքարարների սոցվճարների մի մասը, և այդ առթիվ բանկի ներսում քննություն Է գնում», – գրում է թերթը։

Share