Բաժին. Ֆինանսական

Բյուջե 2017-ի եկամուտները կկազմեն 1.244 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1.394 տրլն

Հայաստանի պետբյուջեն 2017 թվականին եկամուտների մասով կկազմի 1 տրիլիոն 244.4 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 394.5 մլրդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ 2017-ին պետբյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22.4 տոկոս: «Համեմատության համար նշենք, որ 2016-ի պլանային ցուցանիշը կազմել է 21.8 տոկոս, 2015-ի փաստացին՝ 22.5 տոկոս: Պետբյուջեի պակասուրդը կկազմի մոտ 150.1 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի գրեթե 2.8 տոկոսը: Ծրագրվում է բյուջեի 71.1 միլիարդը ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին, 79 միլիարդը՝ արտաքին աղբյուրների հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Պետբյուջեի հարկերից և տուրքերից եկամուտները 2017-ին ծրագրված են 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, որը 0.5 տոկոսով ավելի է 2016-ի պլանից և 6.6 տոկոսով ավելի՝ 2015-ի փաստացի ցուցանիշից: Ծախսերի թվում 2017-ին առողջապահության հատկացումները կկազմեն 85.8 մլրդ դրամ (ՀՆԱ-ի շուրջ 1.6 տոկոսը), կրթության հատկացումները՝  128.5 մլրդ դրամ (շուրջ 2.4 տոկոս), սոցիալական պաշտպանության հատկացումները՝ շուրջ 409.0 մլրդ (7.6 տոկոս), պաշտպանության հատկացումները՝ 205.3 մլրդ (շուրջ 3.8 տոկոս):

Share