Բաժին. Ֆինանսական

Բանակցություններ են վարում նոր բյուջետային ավիափոխադրողներ հայաստանյան շուկա ներգրավելու համար

Քաղավիացիան բանակցություններ է վարում նոր բյուջետային ավիափոխադրողներ հայաստանյան շուկա ներգրավելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:

«Առայժմ ավիաընկերությունների անուններ չենք տալիս, սակայն կարող ենք ասել, որ բոլոր հնարավոր ընկերությունների հետ բանակցություններ տարվում են: Տեղեկություններ կհրապարակվեն այն ժամանակ, երբ լինեն կոնկրետ արդյունքներ»,-ասաց Աննա Չոբանյանը:

Բյուջետային ավիափոխադրումների հետ կապված ծրագրերը սկսվել են 2013 թվականից, առաջին հաջողությունը գրանցվել է վերջերս: Արդեն կա մեկ ավիաընկերություն, որը պատրաստ է մատչելի գներով սպասարկել Գյումրու «Շիրակ» օդանավակայինց: Աննա Չոբանյանը նշեց, որ դեռևս նախատեսվում է թռիչք դեպի Մոսկվա, նախնական տվյալներով կլինի շաբաթական 3 չվերթ: Ըստ նրա` փաստաթղթերի փաթեթն ամբողջականացման փուլում են: Այլ ուղղությունների մասին դեռ խոսք չկա, ընկերությունը դեռ կուսումնասիրի շուկան:

«Եթե նույնիսկ լինի միայն Մոսկվա ուղղությունը, ապա դա նշանակում է, որ ունենք հնարավորություն ուղևորությունն այլ երկրներ շարունակել Մոսկվայից: Այսինքն` Հայաստանից Մոսկվայով դեպի այլ երկրներ ուղևորության ընդհանուր գինը կլինի մատչելի»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով՝ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում կարող են ըմպելիքները, սնունդը վճարովի լինել, առանձին գին սահմանվի ուղեբեռի համար և այլն:

Աննա Չոբանյանն ընդգծեց, որ ավիատոմսերի ցածր սակագները բոլորովին կապ չունեն անվտանգության խնդիրների հետ: Նրա խոսքով՝ չի կարող լինել այնպես, որ անվտանգության խնդիրների դեպքում ընկերությունը հավաստագիր ստանա իր երկրի կողմից և ծառայություններ մատուցի:

Share