Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանական մանաթը շարունակելու է անկում ապրել

Ադրբեջանական մանաթը շարունակելու է անկում ապրել

Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, շարունակելու է անկում ապրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:

2016 թվականի հոկտեմբեր ամսին Ադրբեջանի կենրոնական բանկի արտարժույթային պահուստները 127,2 մլն դոլարով կամ 3 տոկոսով նվազելով` կազմել են 4 մլրդ 5 մլն 500 հազար դոլար:

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթային պահուստները ամենացածրը եղել են 2008 թվականի հունվարի 30-ի դրությամբ` կազմելով 3 մլրդ 928,5 մլն դոլար, իսկ ամենաբարձրը` 2014 թվականի հուլիսի 31-ի դրությամբ` կազմելով 15 մլրդ 193,4 մլն դոլար:

2014 թվականի աշնանից սկսած նավթի համաշխարհային գների անկման ֆոնին Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից մանաթը փրկելուն ուղղված քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պահուստները նվազել են 11,2 մլրդ դոլարով:

Փորձագետների կարծիքով Ադրբեջանի ԿԲ արտարժույթի պահուստների նման պակասորդը  խիստ նվազեցնում է ԿԲ-ի մանեւրելու հնարավորությունը:

Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերջին արժույթային աճուրդներում մանաթի էժանացումը խոսում է այն մասին, որ դոլարի պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին:

Ադրբեջանում դոլարի մյուս աղբյուրը Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն է, սակայն մասնագետների կարծիքով մինչեւ տարեվերջ նավթային հիմնադրամը նույնպես մեծ հաջողություններ չի գրանցի նավթային շուկայում:

Ադրբեջանի պետական նավթային  հիմնադրամը 2016 թվականի 10 ամիսների ընթացքում վաճառել է 6,5-7 մլրդ մանաթին համարժեք դոլար,իսկ հիմնադրամի բյուջեի հանձնառությունը կազմում է  7,6 մլրդ մանաթ, եւ մյուս ծախսերն էլ հաշվի առնելով, հիմնադրամը մինչեւ տարեվերջ լավագույն դեպքում կկարողանա վաճառել 1-1,5 մլրդ մանաթ, ինչը ամեն ամսվա համար կկազմի 400-450 մլն դոլար:

Ադրբեջանի կենտրոնական բանկը փորձելու է պահպանել ռեսուրսները, եւ միայն կրիտիկական իրավիճակ ստեղծվելու դեպքում պահուստից բաց կթողնի 100-200 մլն դոլար, ինչը նշանակում է, որ արժույթային աճուրդներում դոլարի պահանջարկը կրկին կշարունակի գերազանցել առաջարկին:

Այս ամենը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ մանաթը կշարունակի անկումը:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:

Ադրբեջանական նավթի գների անկմանը զուգահեռ շարունակում է գահավիժել նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը:

Share