Բաժին. Ֆինանսական

Հարկային վարչարարության համակարգի գնահատում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամը նոյեմբերի 7-ից 22-ը հարկային վարչարարության համակարգի գնահատում է իրականացրել: Նպատակն է՝ հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) միջոցով վերհանել համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները՝ սահմանելով հետագա բարեփոխումների առաջնահերթությունները: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդգծելով զեկույցի կարևորությունը, նշել է, որ գնահատող թիմի գործուն միջամտությամբ մեծ աշխատանք է կատարվել հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ. «Այս գործիքակազմը, միանշանակ, օգտագործվելու է հարկային մարմին-բիզնես փոխհարաբերությունների արդիականացման գործընթացում և  ունենալու է ուրույն նշանակություն»: Համաձայն զեկույցի, վերջին տարիներին Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվել հարկային քաղաքականության և վարչարարության բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով գնահատող թիմն առանձնացրել է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի արդյունավետ կիրառումը, հարկ վճարողների գրանցման պարզեցված ընթացակարգը, բարելավված պաշտոնական կայքէջը և այլն: «Մենք դիտարկել ենք 47 ուղղություն, որոնցից մի քանիսով ՊԵԿ-ը միջազգային լավագույն փորձին համարժեք է աշխատում, իսկ որոշ ուղղություններով էլ դեռ անելիքներ կան»,-ընդգծել է գնահատող թիմի ղեկավար Լաքի Մոլեֆեն:

Դրական առաջընթաց է արձանագրվել նաև հարկային կարգապահության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Ըստ փորձագետների, էլեկտրոնային հաշիվների դուրս գրման և ՀԴՄ համակարգերը ՊԵԿ-ին հնարավորություն են տալիս իրական ժամանակում տեղեկություններ ստանալ առևտրային գործունեության մասին: Թիմի դիտարկմամբ՝ դեռևս առկա են մի շարք ոլորտներ, որոնք ուշադրության են արժանի՝ միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում ՊԵԿ-ի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով: Մասնավորապես, փորձագետներն առաջարկում են ռիսկի կառավարումը դարձնել ավելի ընդգրկուն: Ընդգծվել է, որ Հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականին, նույնպես մի շարք ուղղություններով կբարելավի հարկային քաղաքականությունը և վարչարարությունը՝ նպաստելով հարկային մարմնի գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանը:

Share