Բաժին. Ֆինանսական

Վարդան Հարությունյան. Մինչև 2016թ. վերջ ակնկալում ենք ապահովել մոտ 1.073 մլրդ դրամ հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեն 2016թ. կավարտի մոտ 1 տրիլիոն 73 մլրդ դրամ հարկային եկամուտներով: Այս մասին հայտնել է Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում կոմիտեի գործունեությունը. «Պետական բյուջեով նախատեսվել էր 1 տրիլիոն 129 մլրդ դրամ հարկային եկամուտ: Մի քանի գործոնների ազդեցությունը հաշվի առնելով՝ հարկային մուտքերը պետք է կազմեին 1 տրիլիոն 44 մլրդ դրամ, սակայն վարչարարության արդյունքում մինչև տարեվերջ ակնկալում ենք հավաքագրել 27 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ»: Կոմիտեի նախագահի գնահատմամբ, հավաքագրման արդյունքների վրա ազդեցություն թողած հանգամանքներից են եղել ԱԱՀ-ի հարկման շեմի բարձրացումը, ԵԱՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների ազատումն ԱԱՀ-ից, նաև միությունից պակաս փոխանցված մաքսատուրքն ու հետ վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարի աճը, ինչպես նաև բյուջեի հիմքում դրված անվանական ՀՆԱ-ի աճի տեմպերը: ՊԵԿ նախագահը նշել է, որ եկամուտների ապահովման հետ կապված ռիսկերն առավելապես դրսևորվել են սպառման ծավալների և արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա. «Դա արտահայտվել է հատկապես ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների շահութաբերության ցուցանիշների անկմամբ: Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 53,9%-ն ապահովվում է այս տեսչության կողմից՝ մտահոգիչ են տնտեսվարողների մոտ իրացման շրջանառությունների ծավալների նվազման միտումները»: Անկում գրանցվել է, մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների վերամշակման, էներգետիկայի, շինարարության, վառելիքի ներմուծման-իրացման և կապի ոլորտներում: Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ էականորեն՝ 51%-ով, նվազել է հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը, քանի որ խստացվել են դրանց իրականացման պահանջները։ Փոխարենը 168%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Նվազագույնի են հասել հատկապես ՓՄՁ դաշտում իրականացվող հսկողական աշխատանքներն ու անհարկի միջամտությունները։

Անդրադառնալով մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրումը. «Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ և պարտաճանաչ մասնակիցները ստանալու են մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել մաքսային ձևակերպումների և հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից»: Նա կարևորել է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման նոր մոտեցումը, ինչի համաձայն ֆիզիկական անձինք կարող են անմիջապես Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը համացանցից դուրս բերել իրենց հայտարարագրած արժեքը հիմնավորող տեղեկություններ և ստանալ մաքսային մարմնի համաձայնությունը: Բացի այդ, թեթևացել է մաքսային սահմանով սուրհանդակային կապի միջոցով ապրանքներ տեղափոխող անձանց հոգսը: Փոստային կապի դեպքում կիրառվող համակարգի նմանությամբ գործող ավտոմատ հայտարարագրման և հսկողության համակարգերի շնորհիվ համապատասխան գործողությունները հնարավոր է պատվիրակել հենց սուրհանդակային կազմակերպությանը:

Տարեվերջը լի էր ՊԵԿ-ի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնություններով: Մշակվել են հարկային համաներման և արտոնության օրենսդրական նախագծերը, որոնք ներառում են ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու, հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին աջակցելու, պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորության ընձեռման գաղափարները: ՊԵԿ նախագահը նաև հրաման է ստորագրել՝ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ:

Վարդան Հարությունյանը, ներկայացնելով գալիք տարվա անելիքները, նշել է, որ պարբերաբար հրապարակվելու են ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերը. «Մեղմ վարչարարությունը վերաբերելու է օրինապահ հարկ վճարողներին:

Օրենքը շրջանցողների նկատմամբ կիրառելու ենք ողջ գործիքակազմը: Փորձելու ենք արմատավորել այն գիտակցումը, որ հարկ վճարելը Հայաստանում պատվաբեր է»: Նախատեսվում է ներդնել մաքսային մուտքի անդորրագրերի մշակման համակարգ, որը հնարավորության կտա ֆիզիկական անձանց կողմից ուղևորային հայտարարագրի հիման վրա պարզեցված եղանակով իրականացնել ապրանքների և մաքսային վճարների հաշվառում։ 2017թ.-ին գործարկվելու է նաև ռիսկերի կառավարման նոր համակարգ՝ ապահովելով «կանաչ ուղի» ընթացակարգի տեսակարար կշռի բարձրացում՝ միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների առաքանիների մաքսային հաշվառման համակարգին են ինտեգրվելու դեռևս համակարգին չմիացած 10 սուրհանդակային ծառայությունները, ինչը կապահովի առաքանիների հաշվառում և նախատեսված վճարների իրականացում առանց քաղաքացիների՝ մաքսային մարմիններ ներկայանալու պահանջի։

Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը վարելու է կադրային այնպիսի քաղաքականություն, որը կնպաստի հարկային և մաքսային համակարգերը քաղաքացիների ու բիզնեսի համար վստահելի կառույցներ դարձնելուն:

Share