Բաժին. Ֆինանսական

Բագրատ Ասատրյան. Մեզ պետք են բանկեր, որոնք մուտք կգործեն միջազգային բանկային շուկաներ

ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանի կարծիքով` Հայաստանում առկա ինստիտուտներից արդյունավետ գործողը կա և մնում է Կենտրոնական բանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ԿԲ-ն, կարծես թե, լուծել է դրամավարկային ցուցանիշների` կանխիկի շրջանառության, դրամական զանգվածի խնդիրների հատվածը: Սակայն, նրա խոսքով, խնդիրը պետք է լինի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ավելի ներդաշնակեցումը, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ համաձայնեցում չկա այս երկուսի միջև:

Տնտեսագետը բանկերի նորմատիվային կապիտալի նկատմամբ պահանջի խստացումը որակեց «ոչ էական»` նշելով, որ ԿԲ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի:

«Բանակային համակարգի զարգացման միջավայրում տարածաշրջանում եղել ենք համադրելի մինչ երրորդ հազարամյակ մտնելը: Այսօր Վրաստանում կա բանկ, որի կապիտալի մակարդակն ավելի բարձր է, քան մեր ամբողջ համակարգինը: Մեզ պետք են բանկեր, որոնք մուտք կգործեն միջազգային բանկային շուկաներ, որտեղ կարողանան լինել գործընկեր»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս բանկերն ունեն շատ բարձր իրացվելիություն, սակայն խնդիրն այն է, որ տնտեսավարողները վարկունակ չեն:

Վերջում նա ավելացրեց, որ բանկերը կայուն են, մնում է արդյունավետ գործունեության ճանապարհները գտնվեն, և հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում դրանք կգտնվեն:

Share