Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. Մինչև 1 մլն դրամի պետական գնումներին կարող են մասնակցել նաև սկսնակ ընկերությունները

«Ստարտ ափերը» հիմնականում պետական գնումների համակարգի չափորոշիչներին չեն բավարարում, սակայն դրանց ներգրավման համար ներդրվել են գործիքակազմեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` այդ գործիքակազմը մինչև մեկ մլն դրամի գնումներին մասնակցությունն է, որոնք թույլ են տալիս, որ անփորձ ընկերությունները կարողանան մասնակցել դրանց:

«Փորձը ցույց է տալիս, որ պետական գնումներին սովորաբար մասնակցում են միջին և խոշոր ընկերությունները, քանի որ նրանք կարողանում են լավ գնով, լավ որակով մատակարարել: Գնումները հարկատուների փողերի միջոցով որոշակի ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն է և այն պետք է կատարվի նվազագույն գնով և առավելագույն արդյունքով: Այդ առումով պետք է լինի այն ընկերությունը, որն ունակ է այդ պահանջը բավարարելու»,- ասաց նախարարը:

Վարդան Արամյանը նաև խորհուրդ տվեց հետևել ոչ թե «ստարտ ափերի» թվին, այլ պետական գնումների մրցույթին մասնակցող մասնակիցների մրցունակության ցուցանիշին, որն աճել է: Նրա ներկայացմամբ` եթե երկու տարի առաջ ցուցանիշը 2,5 էր, ապա այժմ այն կազմում է 3,5: «Էլեկտրոնային աճուրդների համալրման արդյունքով մեր նպատակն այդ ցուցանիշի բարձրացնումն է»,- ավելացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Share