Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան. Ֆինանսների նախարարությունը ցանկանում է վերականգնել պարտադիր աուդիտի իրավական նորմը

ՀՀ ֆինանսների նախարարությունը ցանկանում է  վերականգնել պարտադիր աուդիտի իրավական նորմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ 2011 թվականին «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, և ներդրվեց «խոշոր կազմակերպություն» հասկացությունը: Ըստ որի` խոշոր կազմակերպություն էր համարվում այն կազմակերպությունը, որի գործունեությունից նախորդ հաշվետու ժամանակահատվածում կամ ֆինանսական տարվա ընթացքում ստացված հասույթը կամ եկամուտը կազմում էր առնվազն 1 մլրդ դրամ, կամ համախառն հաշվեկշռային ակտիվների արժեքը գերազանցում էր 1 մլրդ դրամը, իսկ ներկայումս գործող օրենքով այդ երկու ցուցանիշներից որևէ մեկի առկայությունը բավարար է, որպեսզի կազմակերպությունը դիտարկվի որպես խոշոր կազմակերպություն: Մինչև 2014 թվականն այն կազմակերպությունները, որոնք համարվում էին խոշոր` պարտավոր էին իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց առաջ ենթարկել պարտադիր աուդիտի: Ներկայումս գործող օրենքով ֆինանսական հաշվետվությունների հրապարակման նորմը մնացել է, սակայն հանվել է պարտադիր աուդիտի ենթարկելու իրավական նորմը:

«Մենք առաջարկում ենք վերականգնել պարտադիր աուդիտի նորմը: Մի շատ կարևոր բացառությամբ`ցանկանում ենք փոփոխել և հաշվապահական հաշվառման եվրոպական չափորոշիչներին համահունչ դարձնել խոշոր կազմակերպության բնորոշումը: Այսօրվա գործող երկու պայմանների փոխարեն առաջարկելու ենք երեք պայման, որոնցից երկուսի միաժամանակ տեղի ունենալու դեպքում կազմակերպությունը կորակվի որպես խոշոր: Այդ պայմաններն են՝ հասույթի ցուցանիշը, որի առնչությամբ ներկայումս քննարկում ենք 2 մլրդ դրամի շեմը, բայց հնարավոր է այն փոփոխվի, համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը, որի շեմը քննարկում ենք 2 մլրդ դրամը, և նախորդող երեք տարիներից յուրաքանչյուրի համար աշխատողների  թվաքանակի միջին ցուցանիշը, որը  ներկայումս քննարկում ենք 100 աշխատող»,- ասաց Անանյանը` հավելելով, որ այս երեք պայմաններից երկուսի բավարարման դեպքում կազմակերպությունը կհամարվի խոշոր, և, հետևաբար, այն կունենա պահանջ իր ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտի ենթարկելու:

Նրա գնահատմամբ` այս փոփոխությունները կտարածվեն 1000 խոշոր կազմակերպություններից մոտ 250-300-ի վրա: Փոխնախարարի կարծիքով` 1000 խոշոր կազմակերպությունների շրջանում գործում էին այնպիսիները, որոնք, ունենալով համախառն հաշվեկշռային ակտիվների 1 մլրդ դրամի արժեք, հայտնվում էին այդ ցուցակում, ինչը հանգեցնում էր այդ կազմակերպությունների համար անբարենպաստ ծախսերի:

«Մենք ուզում ենք հավասարակշռություն տեսնել մեր իրավական նորմի վերականգման և հանրային հաշվետվողականության պահանջի միջև»,- հավելեց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Share