Բաժին. Ֆինանսական

«Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում` հանրային լայն քննարկմանն ընդառաջ

Մարտի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության նպատակը մասնագիտական հանրության հետ իրականացվող բարեփոխումների քննարկումն է՝ նախքան հանրային լայն քննարկումներ սկսելը։ «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգի» մշակումը ներառված է կառավարության որոշմամբ ընդունված 2017 թվականի գերակա խնդիրներում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով, աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության համար կներդրվեն Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան հստակ մեխանիզմներ, կմեծանա հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև, թե ովքեր են գործարար միջավայրում ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները.

«Առաջին խումբ օգտագործողները հենց տվյալ կազմակերպության ղեկավարությունն է՝ մենեջմենթը: Այսինքն, մենեջմենթը աուդիտից ստանում է չակերտավոր ասված որակավորված խորհրդատվություն: Երբ որ ֆինանսական հաշվետվությունները հավաստվում են անկախ աուդիտորի կողմից, մենեջմենթի աշխատանքը, ըստ էության, գնահատվում է որպես բավարար: Երկրորդ խումբը բաժնետերերը կամ պոտենցիալ բաժնետերերն են, ովքեր ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ տվյալ կազմակերպությունում ներդրում կատարեն, թե ոչ: Երրորդ խումբը հանրությունն է, որն իր տեղեկատվական կարիքներն է բավարարում, կամ կոնկրետ կազմակերպության աշխատակիցը, ով, լինելով հանրության մասնիկ, վերլուծում է այդ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և որոշում իր ապագան, իր գործունեությունը կապի այդ կազմակերպության հետ, թե ոչ», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը անդրադարձել է աուդիտորական դաշտում գոյություն ունեցող խնդիրներին՝ նկատելով. «Դաշտում ունենք և բարձր մակարդակի որակավորում ունեցող մասնագետներ, և պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցող աուդիտորական կազմակերպություններ և ունենք աուդիտորական կազմակերպություններ, որոնց ծառայությունների մակարդակը թերևս ցանկալի է, որ բարձրանա:Ներկա բարեփոխումների առանցքային հարցը կայանում է նրանում, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ մատուցվում են պատշաճ որակի ծառայություններ, այսինքն՝ աուդիտի նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ արտաքին վերահսկողություն»:

Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են որակյալ և անորակ ծառայությունների տարբերակումը: «Աուդիտորական ծառայություններից օգտվող ընկերությունները շատ անգամ չգիտեն, թե դաշտում ով է մատուցում որակով ծառայություն, ով` անորակ: Նրանց ընտրությունը հաճախ հիմնվում է գնային առավել հարմար առաջարկի վրա, և ընտրվում է էժանագինը: Եթե աուդիտի պալատի գաղափարը ներդրվի ու կենսագործվի, ենթադրվում է ,որ պալատը կունանա որոշակի կառուցվածքային միավոր, որը տեղում կիրականացնի որակի մշտադիտարկում, ինչպես նաև ստուգումներ», -ասել է «Էյ-էն Աուդիտ»ՓԲԸ –ի տնօրեն Արթուր Հարությունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնագիտական հանրության հետ կայացած քննարկման արդյունքում որոշվեց մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկտեղել բոլոր առաջարկները, ամբողջականացնել բարեփոխումների փաթեթը՝ հաջորդ քայլով հանրային լայն քննարկումներին այն ներկայացնելու համար:

Share