Բաժին. Ֆինանսական

Վարչապետը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել գույքի կամ դրամական միջոցների վրա համաչափ արգելանք դնելու վերաբերյալ

Գործադիրի ղեկավարի այսօրվա կառավարության նիստի առաջին հանձնարարականը ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ էր: «Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը: Արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերով, որոնց տևողությունը բավականին երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաև բիզնեսի համար: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ:

Share