Բաժին. Ֆինանսական

Վարչապետ Կարապետյանն այցելել է Գրանդ Քենդի ընկերություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին ու արտադրության պայմաններին: Վարչապետին են ներկայացվել ընկերության հիմնական ցուցանիշները և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ 2016 թվականին իրացումից հասույթը կազմել է 23 մլրդ. դրամ, արտահանվել է 1430 տոննա հրուշակեղեն, իսկ նախորդ տարի իրականացվել է 9 մլն դոլարի ներդրում: «Գրանդ Քենդի»-ի աշխատողների թիվն այժմ երեք հազար է, իսկ սեզոնային աշխատանքները սկսելու պարագայում աշխատատեղերի թիվն ավելանում է: Միջին ամսական աշխատավարձը կազմում է 160 հազար դրամ: Ընկերության աշխատանքն ամբողջությամբ իրականացվում է արդի տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, ներդրված է որակի վերահսկողության ժամանակակից համակարգ:

Վարչապետին տեղեկացրել են, որ այս տարի «Գրանդ Քենդի»-ն կանխատեսում է ունենալ 100 տոկոսանոց արտահանման աճ և նախատեսում է հիմնել նոր ընկերություն՝ վերազգային մակարդակում գործունեություն ծավալելու նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է նման խոշոր ձեռնարկությունների շարունակական զարգացումը, արտադրական ու արտահանման ծավալների հետևողական աճը և հաջողություն մաղթել ընկերությանը` հետագա ծրագրերի իրագործման ընթացքում:

Share