Բաժին. Ֆինանսական

Կընտրվեն և կքննարկվեն համայնքային զարգացման լավագույն ծրագրերը

Տարածքային կառավարման վերլուծական կենտրոնի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Շատ ենք խոսել տեղական ինքնակառավարման ինստիտուտների մասին: Եթե այնտեղ չունենանք էֆեկտիվ կառավարում, մենք ընդհանրապես վիճակը չենք կարողանալու փոխել: Այդ իսկ պատճառով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում արդեն 1 ամիս է, ինչ ստեղծել ենք Տարածքային կառավարման հատուկ վերլուծական կենտրոն, որի նպատակն է իրականացնել ՀՀ մարզերում ֆինանսական գործունեության վերլուծություն, մոդելավորում, համեմատություն»:

Ելնելով ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությանն ու զարգացման ծրագրերին վերաբերող նախկինում տրված հանձնարարականների բովանդակությունից և հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 1-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը, և կառավարության աշխատակազմում կազմակերպել դրանց քննարկումը: «Խոսքը յուրաքանչյուր մարզից ընտրված 2-3 չեմպիոն համայնքների մասին է: Խորհրդակցությանը, որին ներկա կլինեն նաև ՀՀ մարզպետերը, տեղեկացնելու ենք Գերմանիայի կառավարության հետ համատեղ իրականացվեիք դասընթացներին մասնակցող համայնքապետերի ընտրության սկզբունքը: Հայտնելու ենք, թե երբ են սկսվելու դասընթացներն Ամերիկյան համալսարանում»,-նշել է գործադիրի ղեկավարը:

Հանձնարարվել է նաև 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջին վերլուծական նյութը՝ համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքները։ 3-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվեն համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսական գործունեության և մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Share