Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյան. Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն

Կառավարությունն ընդունել է մեկ միասնական որոշում, որով պետական կառավարման մարմինները ձեռնպահ կմնան մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերություններին, ինչպես նաև կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպություններին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց: Եղել են դեպքեր, երբ ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում, տվյալ ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել դատարան և արգելանք է դրվել ընկերության ակտիվների վրա, ինչը հնարավորություն չի տվել արդյունավետ իրականացնել ընկերության մասնավորեցման գործընթացը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին ՀՀ կառավարության որոշումը:

Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատասխանել է, որ բոլոր ձեռնարկությունները ներկայացրել են պետական կապիտալի վերաբերյալ հաշվետվություններ: Դրանց վերաբերյալ վարչությունն առաջարկություններ կներկայացնի: Վարչապետը հիշեցրել է նաև գույքի օտարումից սպասվող ակնկալիքների վերաբերյալ հանձնարարականը: «Ես ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր: Դրա իրականացման արդյունքում ակնկալում եմ, որ վարչությունը կդառնա կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կկառավարի մեր գույքերը, հստակ կհետևի մեր կառավարիչներին, ակցիաներին, մեր ունեցվածքին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ կապիտալի շուկայում փոփոխություններ արձանագրելու առումով էլ ակնկալում է Կենտրոնական բանկի աջակցությունը: «Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,-նշել է կառավարության ղեկավարը:

Share