Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ներդրվել է առցանց ուսուցման համակարգ

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման համակարգ, որում ներկայացված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի ոլորտի վերաբերյալ համախմբված տեղեկատվություն: Արտացոլված թեմաներն անդրադառնում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությանը, դրանց կանխարգելման միջազգային և ազգային պահանջներին, հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող և այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ մեխանիզմներին:

Առցանց ուսուցման համակարգը նախատեսված է հաշվետվություն տրամադրող անձանց աշխատակիցների (ներքին դիտարկումների մարմին, ներքին աուդիտ, հաճախորդների սպասարկման աշխատակիցներ, վարկային մասնագետներ, ինչպես նաև նոտարներ, փաստաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ և այլն) համար՝ իրենց աշխատանքում ոլորտին վերաբերող գիտելիքների բարելավման և կիրառման նպատակով, ինչպես նաև ոլորտը կարգավորողների և այն շահագրգիռ անձանց համար, որոնց հետաքրքիր են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման էությունը և դրանց կանխարգելման ուղղությունները և գործիքները:

Առցանց ուսուսման համակարգը հաշվետվություն տրամադրող անձի ցանկացած աշխատակցի հնարավորություն է տալիս գրանցվել որպես օգտատեր, ուսումնասիրել թեմաները, պատասխանել ստուգողական հարցերին, տեսնել ստուգողական հարցերի պատասխանները:

Առցանց ուսուցման համակարգը տեղադրված է ՀՀ կենտրոնական բանկի կայքի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» հատվածի «Առցանց ուսուցման համակարգ» բաժնում: Ուսուցման համակարգ հնարավոր է մուտք գործել նաև հետևյալ հղմամբ՝ lms.fmc.am:

Առցանց ուսուցման համակարգի և դրա գործարկման հետ կապված հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին` support@fmc.am էլեկտրոնային փոստով կամ 010592933 և 010592576 հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով:

Share