Բաժին. Ֆինանսական

2016թ.-ին Արցախում վարկերի ծավալն աճել է 17.9 %-ով

ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանն ապրիլի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն, 2016թ-ին ԼՂՀ համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 34.7 մլրդ դրամ:

Արցախի ԱՎԾ նախագահի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2016-ին համախմբված բյուջեի եկամուտներն նվազել են 1.8 տոկոսով:

2016թ. ԼՂՀ համախմբված բյուջեի ծախսերը կազմել են 85.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում համախմբված բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները 2.5 անգամ: Պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 14.7%` նախորդ տարվա 16.5%-ի փոխարեն, հարկեր և տուրքեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 14.1%` նախորդ տարվա 15.9%-ի փոխարեն: «2017թ. հունվարի 1-ի դրությամբ, ըստ հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի)՝ վարկերը կազմել են 118.8 մլրդ դրամ, որը 2016թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 17.9 %-ով:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ՝ ներգրավված ավանդները կազմել են 74.5 մլրդ դրամ և 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աճել են 21.5 %-ով: Ավանդների ընդհանուր կառուցվածքում 78 տոկոսը պատկանում է ռեզիդենտներին, 22 տոկոսը` ոչ ռեզիդենտներին, ընդ որում ռեզիդենտների կողմից ներգրավված ավանդների 19 տոկոսը ցպահանջ են, 81 տոկոսը` ժամկետային»,- ասել է Կ. Ներսիսյանը:

ԱՎԾ նախագահը հավելել է նաև, որ հանրապետությունում ոչ բանկային կազմակերպությունների կողմից իրականացված փոխառությունները 2016թ. կազմել են 28.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 28.6 մլրդ դրամի փոխարեն:

Share