Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյան. ժամկետից շուտ մարվող վարկերի տույժերն ու տուգանքները լրացուցիչ բեռ են քաղաքացիների համար

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ տույժեր կամ տուգանքներ կիրառելու հարցերին: Վարչապետը նշեց, որ դա անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար:

«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին` նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահի խոսքով, նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում և անցել է երկու ընթերցում:

Վարչապետ Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ արեց կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Share