Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Արթուր Ջավադյանն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Արթուր Ջավադյանը կարևորել է «Թավիթյան» հիմնադրամի հետ
Կենտրոնական բանկի համագործակցությունը, որի շրջանակներում ԿԲ ավելի քան հիսուն աշխատակիցներ սկսած 2004 թվականից ավարտել են Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ծրագիրը:

Արթուր Ջավադյանը գոհունակությամբ է խոսել Կենտրոնական բանկի և հիմնադրամի գործակցության ընթացքում գրանցված լավ արդյունքների մասին, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին: «Թավիթյան» հիմնադրամն ուրույն դեր ունի Հայաստանի հանրային ոլորտի երիտասարդ մասնագետների կրթման և վերապատրաստման գործում: Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ որ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մշակույթը իր դրական ազդեցությունն է ունեցել ԿԲ աշխատակիցների արդյունավետ աշխատանքի վրա: Իր հերթին Ասո Թավիթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես գոհունակություն արտահայտել կենտրոնական բանկի հետ իր հիմնադրամի երկարատև համագործակցության մակարդակով: Նա շատ դրական է գնահատում այն հանգամանքը, որ Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի կրթական ծրագիրն անցած ԿԲ աշխատակիցները հաջողություն են գրանցում իրենց աշխատանքային գործունեության ընթացքում և ապահովում մասնագիտական աճ:

Կողմերը քննարկեցին հետագայում կենտրոնական բանկի և հիմնադրամի հնարավոր համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Share