Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն անդրադարձել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության մեջ, և Հայաստանն էլ հակադարձ ճանապարհով կունենա ցնցումներ: «Ռուսաստանի տնտեսությունն արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցներով, և լրացուցիչ խորացումը, չեմ կարծում, որ էական ցնցումների կբերի, բացասական ազդեցություններ, հնարավոր է, բերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ պատժամիջոցներից հետո ռուսական ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։

ՀՀ ֆինանսների նախարարը փաստեց, որ արժեզրկումը շատ մեծ չէր: «Այսինքն՝շուկաները և տնտեսավարողներն արձագանքեցին նոր պատժամիջոցներին ոչ այդքան ագրեսիվ և կտրուկ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս անգամ էական տատանումներ ռուբլու փոխարժեքում չի նկատվի:

Արամյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն ամեն դեպքում շարժվում է այն սցենարով, որը նախանշված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով և պետական բյուջեի նախագծով:

Share