Բաժին. Ֆինանսական

2017թ. հունվար-սեպտեմբերին Tax free-ով 420 միլիոն դրամի ԱԱՀ վերադարձ է կատարվել օտարերկրացիներին

«Tax free» համակարգում կատարված օրենսդրական փոփոխությունները, որով 2 անգամ նվազեցվել է օտարերկրացիների գնումների մեծության նվազագույն սահմանաչափը (100 հազար դրամի փոխարեն սահմանելով 50 հազար դրամ), տվել է ցանկալի արդյունքներ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կատարված օրենսդրական փոփոխություններով ընդլայնվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ԱԱՀ գումարներ ստանալու հնարավորությունները և ըստ այդմ` նրանց կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Արման Պողոսյանը:

Մասնավորապես, պաշտոնյայի խոսքով, եթե նախկինում մեկ տարվա կտրվածքով 650 միլիոն դրամ է վերադարձվել օտարերկրացիներին, ապա միայն այս տարվա ինն ամիսներին արդեն վերադարձվել է 420 միլիոն դրամ:

Համաձայն կարգի` օտարերկրյա զբոսաշրջիկը երկրից դուրս գալու ժամանակ «Tax free» կենտրոնում մաքսավորին է ներկայացնում ԱԱՀ վերադարձի հաշիվները: Մաքսային տեսուչն իր հերթին իրավունք ունի ստուգելու այդ ապրանքների ֆիզիկական գոյությունը և պարզելու դրանք նոր վիճակում են, թե ոչ, որպեսզի օգտագործված ապրանքները նորի տակ չարտահանվեն: Կա երկու տարբերակ այդ գումարները հետ ստանալու: «Հենց այդ պահին օդանավակայանում` համապատասխան սպասարկումն իրականացնող  բանկի մասնաճյուղի միջոցով կամ անհրաժեշտ փաստաթղթերը փոստարկղով ուղարկվում են Ֆինանսների նախարարության գանձապետարան, որտեղից համապատասխան գումարները փոխանցվում են այդ քաղաքացու նշած բանկային հաշվեհամարին»,-նշեց Արման Պողոսյանը` հավելելով, որ գումարի վերադարձը կատարվում է դրամով:

Share