Բաժին. Ֆինանսական

Վարկերի տոկոսադրույքների էլ ավելի նվազում չի կանխատեսում

Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը կարծում է`վարկերի տոկոսադրույքների հետագա էական նվազում չի դիտարկվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա նշեց, որ ներկայում ավելի շատ տոկոսադրույքների կայունացման փուլ ենք թևակոխում: «Վերջին ամիսների վարկերի տոկոսադրույքների նվազման միտումը որոշակիորեն պայմանավորված էր անցած տարվանից բանկերի կապիտալի ավելացման ադմինիստրատիվ քայլերով: Այդ ավելացուկային իրացվելիությունը, որ առկա էր, աստիճանաբար «մարսվելու է» ու դրա արդյունքում ունենալու ենք տոկոսադրույքների կայունացում` նախկինի համեմատ ավելի ցածր մակարդակի վրա»,-ասաց Արման Բարսեղյանը:

Նա նաև չբացառեց տոկոսադրույքների որոշակի բարձրացումը: «Իմ կարծիքով` նվազման չափը, որ ունեցել ենք, ավելին էր, քան բնականոն պահանջվում էր: Եվ այն ճշտորեն չի արտացոլում տնտեսության հիմնարար իրավիճակը»,-ավելացրեց նա: 

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2017 թվականի օգոստոսին առևտրային բանկերի գործառնությունների տոկոսադրույքը կազմել է 14.01` նույն տարվա մարտից նվազելով 2.8 տոկոսով: Ի դեպ 2016-ի օգոստոսին տոկոսադրույքը եղել է 17.44` շուրջ 3.5 տոկոսով բարձր այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Share