Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը ՓՄՁ-ների և հիփոթեքային վարկավորման նոր շահավետ առաջարկով է հանդես գալիս

Ամերիաբանկը ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց համար մինչև տարեվերջ գործող վարկավորման հատուկ առաջարկներով է հանդես գալիս: Լրագրողների հետ հանդիպմանը Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեց վարկային նոր արշավի մանրամասները: Նրա խոսքով` 2017-ի առաջին ինն ամիսներին մակրոտնտեսական երկու հիմնական պարամետրերի` փոխարժեքի (համեմատաբար կայուն ժամանակաշրջան)  ու տոկոսադրույքի (նվազման միտում) հետ կապված իրավիճակը նախադրյալներ է ստեղծել ակտիվ տնտեսական գործունեության ու տնտեսական աճի համար: «Այդ համատեքստում մենք վերանայել ենք վարկային մեր տոկոսադրույքները մի փոքր այլ մոտեցմամբ: Ոչ թե գնացել ենք տոկոսադրույքների պարզ նվազեցման ճանապարհով, այլ դրանց մակարդակը կապել ենք հաճախորդի ռիսկայնության հետ: Եվ երկու արշավները, մի դեպքում ՓՄՁ-ների, մյուս դեպքում հիփոթեքային վարկերը ֆիզիկական անձանց համար, ներկայում ուժի մեջ են ու մինչև տարեվերջ ուժի մեջ են լինելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արման Բարսեղյանը:

Ինչպես տեղեկացրեց բանկի ներկայացուցիչը, իրենք առանձնացրել են երեք պարամետր (եկամտի չափ, վարկ/գրավ հարաբերակցություն և վարկավորման ժամկետ), որի հիման, գնահատելով ռիսկը, դուրս է բերվում համապատասխան տոկոսադրույքը:  Հետևաբար, այն հաճախորդները, որոնք այդ երեք պարամետրերով կհամարվեն ցածր ռիսկային, կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր: Բարձր ռիսկայնությանն էլ կհամապատասխանեն ավելի բարձր տոկոսադրույքով վարկեր: «Այս մոտեցման ամենակարևոր հանգամանքն այն է, որ պահպանում ենք արդարության, իսկ բանկի տեսանկյունից` ռիսկի և հատույցի համարժեքության սկզբունքը»,-նշեց Արման Բարսեղյանը:

 Վարկային առաջարկները գործում են երեք արժույթների դեպքում էլ: Սակայն, ինչպես Արման Բարսեղյանն ասաց, իրենք խրախուսում են հայրենական արժույթով վարկավորումը: «Արշավի շրջանակներում համադրելով ներկայացված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել ՀՀ դրամի դեպքում անգամ 10.5 տոկոսով, ԱՄՆ դոլարի դեպքում` 6.5, եվրոյի դեպքում`5 տոկոսով: Ֆիզիկական անձանց դեպքում ՀՀ դրամով վարկերը կարող են սկսվել ընդհուպ մինչև 10 տոկոսից, ԱՄՆ դոլարով` 7 տոկոսից, եվրոյի դեպքում` 5 տոկոսից»,-նշեց Ամերիաբանկի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է վարկերի առավելագույն չափին, ապա Արման Բարսեղյանի խոսքով, եթե հաճախորդի վարկունակությունն ու վճարունակությունը բավարար է, իրենք պատրաստ են դիտարկել ցանկացած արժողության վարկի տրամադրման հարցը: «Բայց օրինակ բոլորս էլ հասկանում ենք, որ ՓՄՁ վարկերի դեպքում մեր բանկի պարագայում խոսքը գնում է ոչ ավելի, քան 300 հազար դոլար արժողությամբ վարկերի մասին»,-ավելացրեց նա:

Հաշվի առնելով հանրության շրջանում վարկային նոր առաջարկների նկատմամբ հետաքրքրությունն ու կարևորությունը` Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 26-ին`ժամը 20:00-21:00-ը, կկազմակերպվի հարց ու պատասխան: Այս թեմային վերաբերող բոլոր հարցերին կպատասխանի Ամերիաբանկի Մանրածախ վարկավորման վարչության ղեկավար Իրինա Աբրահամյանը:

Share