Բաժին. Ֆինանսական

Արման Բարսեղյան. ավանդների տոկոսադրույքների նվազումն անխուսափելի է

Հայաստանյան շուկայում ավանդների տոկոսադրույքների նվազումը անխուսափելի միտում է լինելու առաջիկա տարիներին: Այսպես է կարծում Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արմեն Բարսեղյանը: Նրա խոսքով` ավանդների տոկոսադրույքների նվազումը կապված է վարկային տոկոսադրույքների նվազման հետ: «Եթե ցանկանում ենք տնտեսությունը զարգանա, ավելի մեծ ծավալներով վարկավորում իրականացնենք ու վարկերի ռիսկայնությունը նվազի, պետք է հաշվի նստենք վարկային տոկոսադրույքների նվազման միտումի հետ ու այդ իրավիճակում մեր գործունեությունը իրականացնեք: Որպեսզի վարկային նոր տոկոսադրույքների տրամաբանության ներքո աշխատեն, բանկերն այլընտրանք չունեն, քան նաև ավանդների տոկոսադրույքները իջեցնելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացատրեց Արման Բարսեղյանը:

Նրա դիտարկմամբ` եթե ավանդային տոկոսադրույքների նվազումը բացասաբար է անդրադառնում, ապա փոքրաքանակ և խնայողություններ ունեցող խավի վրա: Մինչդեռ դրա արդյունքում իրենք հնարավորություն են ստանում շատ ավելի մեծաքանակ, վարկային ծառայություններից օգտվող հասարակության շերտերին ավելի լավ պայմաններով առաջարկներ ներկայացնել:

Արման Բարսեղյանը նկատեց, որ Ամերիաբանկն էլ է այդ ճանապարհով գնացել ու ավանդների տոկոսադրույքներն իջեցրել: Այնուամենայնիվ, բանկի ավանդների աճի միտումները շարունակվում են, այն տարեկան միջինում 30 տոկոս է: «Չնայած ավանդների տոկոսադրույքների նվազմանը` մենք աճի կայուն միտում ենք ունեցել: Պետք է ասեմ, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում երբեք մեր օրակարգում առաջնահերթություն չի եղել լրացուցիչ ավանդների ներգրավումը, շատ ավելի մեծ մարտահրավեր է եղել վարկային համապատասխան տեղաբաշխումների իրականացումը»,-նշեց Ամերիաբանկի տնօրինության անդամը:

Share