Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. այսուհետ վարչական տուգանք կկիրառվի միայն 200 հազար դրամից ավելի հարկային պարտավորությունները չկատարելու համար

Այսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10-20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի  Իրավաբանական վարչության պետ Արմեն Մնացականյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում իրականացվել են հարկային վարչարարությունը պարզեցնող մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն արդեն ուժի մեջ է, որոշներն էլ առաջիկայում են նախատեսվում:

Բանն այն է, որ մինչ նշյալ փոփոխությունը, հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակակին չկատարելու դեպքում նախատեսված էր վարչական տուգանք 10-20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ հարկային պարտավորություն ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք: Միաժամանակ այդ արարքի համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հաշվարկվում են տույժեր վճարման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

«Սա շատ հաճախ անձանց մոտ դժգոհություն էր առաջացնում, հարցը քննարկվեց ՊԵԿ-ում, ինչպես նաև վարչապետի հանձնարարական ստացանք, որ այդ վարչարարությունը նվազեցնենք ու ազատականացնենք: Կիրառեցինք վարչարարության մասին օրենքով սահմանված համաչափության սկզբունքը, որը ենթադրում է, որ կատարված իրավախախտման համար նախատեսվող պատասխանատվությունը պետք է համաչափ լինի: Մենք որոշեցինք, որ այսուհետ միատեսակ մոտեցում ցուցաբերվի և վարչական պատասխանատվություն կիրառվի միայն 200 հազար դրամից ավելի ապառքի(հարկային պարտավորության մայր գումարն առանց տույժ, տուգանքների) դեպքում»,-ասաց Արմեն Մնացականյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է 2018 թվականից օրացուցային տարվա ընթացքում հարկատուի կողմից առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու դեպքում որպես վարչական տուգանք կիրառել «նախազգուշացում», իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում` արդեն նշանակել վարչական տույժ` տուգանքի տեսքով: Ներկայում այս փոփոխության վերաբերյալ կազմված օրենսդրական նախագիծը գտնվում է շրջանառության մեջ:

Share