Բաժին. Ֆինանսական

2017թ. հունվար-հոկտեմբերին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն ավելացել են 37 միլիարդով

Այս տարվա տասն ամիսներին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝  2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրեց նաև, որ 2017-ի հունվար-հոկտեմբերին պետեկամուտների կոմիտե ընդհանուր հարկային մուտքերը կազմել են 716 միլիարդ 562.5 միլիոն դրամ, որից 436 միլիարդ 659.8 միլիոն դրամը բաժին է հասել խոշոր ու միջին հարկ վճարողներին, տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 60.9 տոկոս է: «Աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների գծով՝ առավել հատկանշական է ուղղակի հարկերի ավելացումը, որը վերաբերում է շահութահարկին և եկամտահարկին, ինչը փաստում է բիզնեսի աճի մասին»,-ասաց  Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյան նշեց, որ վարչարարության արդյունքում հնարավոր է եղել 5 միլիարդ դրամով կամ 31.5 տոկոսով կրճատել խոշոր և միջին հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները:

Ինչ վերաբերում է գերավճարներին, այսինքն՝ հարկային պարտավորության գումարից ավելի մուծումներին, ապա 2017-ի հունվար-հոկտեմբերին դրանք նվազել են 19 միլիարդով՝ ինչը, հաշվի առնելով այս տարվա համար հարկային եկամուտների աճը, կանխատեսվում է 62 միլիարդ դրամ կամ 15.8 տոկոս:

Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ որոշ ոլորտներում արձանագրվել է հարկային վճարումների նվազում: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է կապի, շինարարության, կառուցապատողների, դեղորայքի ներմուծման ոլորտներին: Բայց կան ոլորտներ, որոնք ապահովել են ավելի շատ մուտքեր, ինչն էլ նպաստել է այս տարվա տասն ամսվա դրությամբ հարկային մուտքերի աճին»,-հավելեց պաշտոնյան:

Ներկայում ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված են 1080 տնտեսավարող, որոնք 500 միլիոն դրամ և ավելի շրջանառության շեմի ներքո են:

Share