Բաժին. Ֆինանսական

Կկատարելագործվի հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը

Կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը: Մասնավորապես, ներկայացված են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում ներկայում իրականացվող կարգավորման քաղաքականությունը, աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման, մասնագետների որակավորման ու աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող որակի հսկողության գործընթացները: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումների առաջարկվող ուղղություններին՝ հաշվի առնելով ներկայում ընդունված միջազգային լավագույն փորձը, առաջարկվում է ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույց-հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Հայեցակարգով առաջարկվում է ճշգրտել նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ ներկայում գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերությունների ներգրավմանը: Արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Գործադիրն ընդունել է «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջով, ըստ որի տվյալ տարվա պետբյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և այդ օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է սահմանել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, հաստատել պետության կարիքների համար 2018 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը, ինչպես նաև օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:

Share