Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյան. գնաճի վերաբերյալ վիճակագրական ծառայության հաշվարկներն արժանահավատ են

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը գնաճի վերաբերյալ հաշվարկները իրականացրել է բոլոր միջազգային կառույցների տրամադրած  մեթոդաբանությամբ: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Այս առումով ես չեմ կարծում, որ մեզ մոտ գնաճի հաշվառումը այլ տեսանկյունից է ընթանում կամ այլ ձևով է գնում, քան ցանկացած այլ երկրում: Ասեմ ավելին՝ մենք հիմնվում ենք վիճակագրական ծառայության տրամադրած թվերի վրա, դա ակնհայտ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջավադյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում գնաճը կազմում է 2.6 տոկոս: Անդրադառնալով կարագի թանկացմանը՝ Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ կատարվել է մանրամասն ուսումնասիրություն և արվել են հայտարարություններ: «Դեռ անցած տարվա կեսերին հրապարակվեց մի քանի զեկույց, որ նոր ուսումնասիրությունների համաձայն կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, քանի որ վերջինիս օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում: Դրա հաշվին կարագի սպառումը կտրուկ ավելացավ, և մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ, ինչի հաշվին էլ կտրուկ բարձրացան գները: Բազմիցս հրապարակվել են տարբեր հեղինակավոր ամսագրերում և կայքերում, թե որն է կարագի թանկացման պատճառը: Հենց պահանջարկի ավելացումը տարբեր երկրներում հանգեցրեց կարագի գնի թանկացման»,- մանրամասնեց Արթուր Ջավադյանը:

Share