Բաժին. Ֆինանսական

Հարկային նոր օրենսգիրքը դրական ազդեցություն կունենա 90% վարձու աշխատողների վրա

Հայաստանում մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա դրական ազդեցություն են ունենալու Հարկային օրենսգրքում նոր սահմանված դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:

«2018 թվականի հունվարի 1-ից գործող դրույթները մինչև 279 հազար դրամ ստացողների վրա դրական ազդեցություն են ունենալու: Այսինքն` եթե վարձու աշխատողը ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ, 2580 դրամով պակաս է վճարելու եկամտահարկը: Հայաստանն ունի 600 հազար վարձու աշխատող, որից 90 տոկոսը ստանում են մինչև 279 հազար դրամ: Իսկ մնացած 10 տոկոսի վրա եկամտահարկն ավելանալու է, օրինակ` 300 հազար դրամ ստացող քաղաքացին 420 դրամ ավելի է վճարելու»,- ասաց Համբարձումյանը:

Մինչև Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը Հայաստանն ուներ սանդղակային դրույքաչափեր`  առաջին սանդղակում մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողներն էին, որոնց եկամտահարկը կազմում էր 24.4 տոկոս, երկրորդ սանդղակում 120 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողներն էին` 26 տոկոս եկամտահարկով, իսկ 36 տոկոս եկամտահարկ էին վճարում 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողները:

Share