Categories: Ֆինանսական

Վարդան Արամյան. Ֆիննախը քննարկում է շահութահարկի և եկամտահարկի փոխհատուցման մեխանիզմների ներդրման հարցը

ՀՀ ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում ամրագրված արտադրության հարկատեսակների մասով խորը վերլուծություն է կատարում` փորձելով արտադրության հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ մշակել: Այս կապակցությամբ գերատեսչությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին տեխնիկական աջակցության նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարար Վարդան Արամյանը: «Կարծում ենք այն հարկատեսակները, որով հարկում ենք արտադրությունը` շահութահարկն ու եկամտային հարկը, տարածքային տեսանկյունից մրցունակության խնդիր են ունենում, որովհետև հարևան Վրաստանում երկուսն էլ մեզանից ցածր են: Պարզապես խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող վերցնել ու դրանք իջեցնել: Որոշակի փոխհատուցում պետք է լինի, ուսումնասիրում ենք, թե ինչի վրա տեղափոխենք այդ ծանրությունը, որ կարողանանք ծախսերը սպասարկել: Չենք կարող անընդհատ պարտք վերցնել ու ընթացիկ ծախսերը ֆինանսավորել»,-ասաց Վարդան Արամյանը: Նախարարն ընդունված մոտեցում է համարում այն, որ սպառումը, թե արտադրությունը հարկելու երկընտրանքի դեպքում որոշում է կայացվում հօգուտ սպառման հարկման, քանի որ այդ պարագայում չեն խոչընդոտում տնտեսական աճին:

Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքով ուղևորափոխադրումների հարկումը հաստատագրվածից արտոնագրային վճարին անցնելուն, նախարարը նշեց, որ դա ֆիսկալ նպատակ չի հետապնդել, պարզապես համակարգերը ներդաշնակեցվել են, ինչն էլ որոշակի ազդեցության է հանգեցրել: «Հիմա ուսումնասիրում ենք, թե այդ ներդաշնակեցումը որքանով կարող է ճնշել ուղևորափոխադրման սակագների վրա, ինչպես դա շտկենք, որ թանկացում տեղի չունենա: Նոր արտոնագրային վճարները գործակիցներ չունեն`ի տարբերություն նախորդ հարկատեսակի: Այդ գործակիցներով փորձում էինք քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի սակագնի վրա որոշակիորեն ազդել, հիմա փորձում ենք իրավիճակը շտկել, որպեսզի հասարակական տրանսպորտն այդ բեռն իր վրա չզգա»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` ծխախոտի և ալկոհոլի դեպքում ունեցել են ֆիսկալ նպատակ ակցիզային հարկը բարձրացնելով, ինչն արդարացված է, քանի որ եթե մարդը շատ է ծխախոտ օգտագործում, ավելի շատ հարկ պետք է տա:

Չնայած Հարկային օրենսգրքում հնարավոր փոփոխություններին, Վարդան Արամյանը կարծում է` պետք է մշտապես ջանք գործադրել, որ Հարկային օրենսգրքին խորքային առումով հնարավորինս քիչ ձեռք տրվի, քանի որ անընդհատ փոփոխությունների գործընթացը կարող է վտանգավոր լինել:  Այնուամենայնիվ նախարարի խոսքով` եթե կա որոշակի դժգոհություն, աղմուկ, պետք է հասկանալ դրա պատճառները: «Դու ցանկանալով տնտեսության 90 տոկոսի հարց լուծել, հնարավոր է 10 տոկոսի համար խնդիր ես ստեղծել, ու եթե այդ շտկումները քեզ համար ծախսատար ու պրոբլեմային չեն, մենք իհարկե, պատրաստ ենք քննարկել»,-հավելեց Վարդան Արամյանը:

Անի Նազարյան

Share