Categories: Ֆինանսական

Իգնատի Առաքելյանը հանդիպել է կարտոֆիլագործների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հանդիպել է հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», – նշել է Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկո» ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտևեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:

Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման և նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարևորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձևավորման մեջ:

Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաև այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:

Share