Բաժին. Ֆինանսական

Հայաստանում Blockchain բաց համալսարան կհիմնվի

«Հայկական բլոկչեյն համաժողով» (Armenian Blockchain Forum (ABF) ընկերությունը, որը Երևանում կայանալիք համանուն միջազգային համաժողովի կազմակերպիչն է, մտադիր է Բլոկչեյն բաց համալսարան հիմնադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում կայացած մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց ABF-ի կրթական կլաստերի գործադիր տնօրեն Անաստասիա Տյուրինան: «Առաջին նախագիծը, որ ինձ վստահված է Հայաստանում, Բլոկչեյն բաց համալսարանն է: Մենք հրավիրում ենք բլոկչեյն տեխնոլոգիաներով տարբեր հարթակներ ստեղծողներին միավորվել այս գաղափարի շուրջ: Դա շատ հետաքրքիր է, քանի որ թույլ է տալիս շատ արագ նոր ոլորտ մտնել նույնիսկ դեռահասներին, երիտասարդ մասնագետներին: Բաց համալսարանը կունենա ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կրթական ծրագրեր, որոնց միջոցով մասնակիցները կկարողանան իրենց ստարտափերը հիմնել: Մեր խնդիրն է ստեղծվելիք էկոհամակարգի շրջանակներում ապահովել հարթակներ, հասանելիություն ներդրումներին, փողերին, միջազգային շուկաներին: Մենք բաց ենք Հայաստանում գործող բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության համար, որոնց թիվն արդեն հասնում է 10-ի»,-ասաց Անաստասիա Տյուրինան:

Բլոկչեյն բաց համալսարանը հավակնում է դառնալ գլոբալ: Տյուրինայի խոսքով` իրենք համագործակցության վերաբերյալ հաստատում են ստացել IBM, Microsoft կորպորացիաներից, ինչի մասին կհայտարարեն համաժողովի ժամանակ:

«Երբ մենք խոսում ենք բլոկչեյն տեխնոլոգիաների մասին, պետք է շեշտենք, որ այն բաշխված համակարգ է համակարգիչների, մասնակիցների միջև, նույնիսկ մեր թիմը կարող է բաշխված լինել տարբեր երկրներում: Սկզբունքորեն մեզ համար կարևոր է, որպեսզի այդ համալսարանը լինի գլոբալ, քանի որ դրանում ներգրավվելու են տեխնոլոգիաներ ստեղծողներ տարբեր երկրներից: Երկրորդ` այն պետք է բաշխված լինի տարբեր համալսարանների միջև, այստեղ չի կարող խոսք լինել այն մասին, որ մի համալսարան մասնակցի այդ ծրագրին, մյուսները` ոչ: Ավելին` դա նույնիսկ հնարավոր չէ, քանի որ ամեն համալսարան ունի իր մասնագիտացումները, իսկ արդյունաբերության մեջ մեզ տարբեր ուղղության մասնագետներ են պետք»,-ասաց ABF-ի ներկայացուցիչը:

Անաստասիա Տյուրինայի խոսքով` իրենք լրջորեն են մոտենում կրթական այս ծրագրին և նախատեսում են ներդնել հավաստագրման հակամարգ տրվող մասնագիտացումների համար: «Սա մասնագիտացում է, ապագայի մասնագիտացում է և մենք դրան իրոք մեծ լրջությամբ ենք մոտենում»,-հավելեց նա:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share