Բաժին. Ֆինանսական

2018թ.-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 400 վարկի գծով 92 միլիոն դրամի տույժ-տուգանքների ներում է շնորհել

Արմավիր մարզի Այգեշատ համայնքում լսել են Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ու ոգևորվել՝ եթե վարչապետի ասածն իսկապես իրականություն դառնա, ապա իրենց հոգսը էապես կթեթևանա։

«Մի 40-50 ծիրանի ծառ ունեի, մի հատիկ չեմ ծախել», – «Ազատությանն» ասաց այգեշատցի Հասմիկ Մհերյանը:

Նա 2016 թվականի կարկուտի հետևանքներն է հիշում․ 4 հեկտարի վրա մշակած իր ամբողջ տարվա եկամուտը 15 րոպեում ջուրը գնաց։ Նույն պատմությունը կրկնվեց նաև 2017-ին, արդյունքում վարկերը մնացին չմուծված, դրանց էլ գումարվեցին տույժ ու տուգանքները։ Հիմա չգիտի՝ որ մեկը վճարի, որ մեկը թողնի․ – «Հիմա 6 հազար դոլար մայր գումար է մնացել, 3 հազար դոլար տույժ ու տուգանք պիտի մուծեմ՝ տոկոսն էլ հետը»:

Տիկին Հասմիկն ասում է, որ 95 թվականից գյուղվարկեր է վերցրել և միշտ պարտաճանաչորեն մարել է, բայց վերջին երկու տարիների բնական աղետները իր վարկային պատմությունը սևացրին։ Հիմա հույս ունի, որ վարչապետի խոստումը իրականություն կդառնա։ Եթե տույժ-տուգանքները ներվեն, կկարողանա կրկին հողը մշակել և դրանից եկամուտ ակնկալել։

Գյուղացու վարկային բեռը թեթևացնելու հանձնարարականը Նիկոլ Փաշինյանը տվեց ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Գործադիրի նիստին վարչապետը հստակ շեշտադրումներ արեց՝ հնարավորինս արագ մշակել մեխանիզմները, որպեսզի գյուղացիներն ազատվեն վարկային տույժ-տուգանքներից։

Այս հանձնարարականից օրեր անց հարցին անդրադարձավ ԿԲ նախագահը։ Արթուր Ջավադյանը նշեց՝ տույժերն ու տուգանքները վերացնելու համար որոշակի փոփոխություններ պետք է իրականացվեն օրենսդրության մեջ, և ևս մեկ անգամ հաստատեց, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում է միայն գյուղատնտեսական վարկերին։

Հարցի շուրջ «Ազատությունը» փորձեց մեկնաբանություն ստանալ Կենտրոնական բանկից, սակայն թեմայի մասին խոսել այստեղ հրաժարվեցին՝ նշելով, որ այս պահին կատարվում են խորքային ուսումնասիրություններ, որի արդյունքում մի շարք գերատեսչություններ համատեղ նախագիծ կներկայացնեն կառավարություն։

Իսկ թե արդյոք շատ են այդ տույժ-տուգանքները, ինչ գումարի մասին է խոսքը և ինչ ճանապարհով է լինելու համաներումը, գլխավոր դրամատանը դեռ չեն շտապում բացել փակագծերը։

Գործընթացի ֆինանսական հատվածի մանրամասներից տեղյակ չէ նաև Գյուղատնտեսության նախարարը։ Արթուր Խաչատրյանը, սակայն, վստահ է՝ եթե քաղաքացին գյուղվարկն օգտագործել է ավտոմեքենա գնելու կամ հարսանիք անելու համար, ապա այդ մարդկանց համաներումը չպետք է վերաբերի․ – «Կոնսենսուս պետք է լինի, որ եթե մեկը գյուղատնտեսական վարկի անունով գումարը այլ տեղ է ուղղել, նրան պետք է խոսքը չվերաբերվի: Ուղղակի մենք մոնիտորինգի մեխանիզմ չունենք, չենք կարող ասել տենց բաներ եղել են թե չեն եղել, ինչքան է եղել»:

Նախարարի փոխանցմամբ՝ գյուղատնտեսական վարկերի ընդհանուր չափը մոտավոր հաշվարկով մի քանի միլիարդ դրամի է հասնում։ Բայց թե դրանցից քանին ունեն տույժ-տուգանքներ, կպարզվի ուսումնասիրությունից հետո։

Գյուղվարկեր տրամադրող ամենախոշոր բանկերից մեկը՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ»-ը, արդեն տվյալներ տրամադրել է Կենտրոնական բանկին, բայց թե ինչ ճանապարհով է հարցը լուծվելու, այստեղ դեռ չեն պատկերացնում։

Բանկի գլխավոր-գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանն ասում է, որ պատրաստ են ընդառաջ գնալ պետությանը, սակայն ամբողջական բեռը չպետք է մնա մասնավորի վրա․ – «Մենք ունենք զիջումների մեխանիզմ: Եթե պետությունն էլ ինչ-որ բան վերցնի իր վրա, պատկերը կամբողջանա ու գյուղացու համար շատ հեշտ կլինի: Էդ ամբողջ բեռը գցելու տնտեսվարողի վրա, մասնավորի վրա, բանկերի վրա, կարծում եմ, ճիշտ չի լինի»:

Նրա փոխանցմամբ՝ գյուղվարկերի տույժ-տուգանքների չափն այս պահին բանկում հասնում է 4 միլիարդ դրամի։ Նազարյանն ասաց նաև, որ 96 թվականից տրամադրվող գյուղվարկերի հարցում իրենք հաճախ են զիջումների գնում։ 2018-ին 400 վարկի գծով տույժ-տուգանքների ներում են շնորհել՝ ընդհանուր առմամբ հաճախորդների զիջելով 92 միլիոն դրամ։

Նորիկ Նազարյանը նաև նկատում է՝ Կառավարության ծրագիրը իրագործելու համար պետք է որ բանկերն էլ ազատվեն տույժ-տուգանքների համար վճարվող հարկերից․ – «Եթե մենք հիմա որևէ մեկին վարկ ենք ներում, զիջում, մենք պետությանը հարկ ենք վճարում դրա դիմաց: Սա նաև ինչ-որ տեղ խոչընդոտում ու ինչ-որ տեղ ստիպում ա, որ խուսափես դրանից, որովհետև, բացի նրանից, որ դու հրաժարվում ես քո հետագա եկամուտից, դու պետությանը դրա դիմաց պետք ա հարկ վճարես: Կարծում եմ, որ սա պետք ա վերանայվի»:

Ազատություն

Share