Բաժին. Ֆինանսական

Մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Մայիսի 29-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Ներկայացնելով բյուջեի կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում ակնկալվող 3,2 տոկոսի փոխարեն արձանագրվել է 7,5 տոկոս իրական տնտեսական աճ: 2017 թվականին արձանագրված տնտեսական աճին 5,1 տոկոսով նպաստել է ծառայությունների ոլորտը, 1.8 տոկոսով՝ արդյունաբերությունը, 0.2 տոկոսային կետով՝ շինարարությունը, 0.6 տոկոսային կետով աճի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտը:

Միջին գնաճը կազմել է 1 տոկոս, ՀՆԱ դեֆլյատորը՝ 2.2 տոկոս:

«Սկզբնական ծրագրային ցուցանիշները եկամուտների մասով հաստատված են եղել 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, արտաբյուջետային միջոցների համար եկամտային մասում կառավարության կողմից հաստատվել է 35,2 միլիարդ դրամի եկամտային մաս։ 6,6 միլիարդ դրամ են կազմել այն եկամտային միջոցները, որոնք կառավարությանը վերապահված իրավասության շրջանակում իրականացվել են առանց սահմանափակման ծախսերի և եկամուտների ձևակերպման ճանապարհով: Շուրջ 69 միլիարդ դրամով փոփոխվել է կառավարության լիազորությունների շրջանակում եկամտային մասը՝ արդյունքում արձանագրելով 1 տրիլիոն 320,9 միլիարդ դրամի ծրագրային ցուցանիշ», – ասել է նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրել է, որ եկամուտների մեջ մեծ կշիռ են ունեցել հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ.  սկզբնական ծրագրով հաստատված է եղել 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ։

Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360,1 միլիարդ  դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի կազմել են 1 տրիլիոն 504,8 միլիարդ դրամ:

Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240,2 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է  267 միլիարդ դրամ:

2017 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 775 մլն դոլար, որի մեջ կառավարության մասնաբաժինը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար:

Նախարար Ջանջուղազյանի խոսքով՝ կառավարությանը վերաբերող արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 893 մլրդ դոլար, իսկ մնացածը կազմել է կառավարության ներքին պարտքը:

«Ընդհանուր պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 58,8 տոկոսը, դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված իրակացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի նպատակը պարտքը կայունացնելն է»,-ասել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ պետական պարտքի 18,4 տոկոսը ներգրավված է դրամով և 2016-ի համեմատ մի փոքր նվազել է:

«Պարտքի բեռը բնութագրող ընդհանուր ցուցանիշներով Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում», -ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը:

Share