Բաժին. Ֆինանսական

Մետաղների գնի բարձրացումը և դրամական փոխանցումները դրական են ազդել ֆինանսական համակարգի վրա

Նախորդ տարին մի շարք գործոններով պայմանավորված դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Ֆինանսական կայունության տեսանկյունից սովորաբար լինում են զարգացումներ մի քանի ուղղություններով, որոնք կարող են համակարգի վրա ազդեցություն ունենալ: Դրանք են գլոբալ կամ համաշխարհային զարգացումները, որոնք տարբեր ուղիներով ազդեցություն են ունենում ինչպես մեր ֆինանսական համակարգի, այնպես էլ մակրոտնտեսության վրա: Դրսից՝ արտաքին տնտեսությունից բխող տարբեր ազդակների տեսանկյունից, 2017-ը շարունակել է բարենպաստ ազդեցություն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Բարձրացել են մետաղների գները, մեր գործընկեր երկրներում տնտեսական զարգացման կամ սպասվող տնտեսական աճի ցուցանիշները»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ դա գնահատվում է  պոտենցիալ ֆինանսական կայունությունն էլ ավելի ամրապնդելու միջոց:

Հայաստանից արտահանվող մետաղների գները 2016-ից ունեցել են աճի միտում՝ ազդելով  դեպի Հայաստան հոսքերի վրա: Դա իր մեծ ազդեցությունն է ունեցել տնտեսվարող սուբյեկտների համար: Այն էլ իր հերթին արտացոլվում է ֆինանսական համակարգի վրա:

Դրամական փոխանցումները և ապրանքաշրջանառությունը ևս աճել են 2017-ի ընթացքում՝ ունենալով դրական ազդեցություն ֆինանսական համակարգում դրամական հոսքերի և ընդհանուր համակարգի կայացման վրա: Նմանատիպ զարգացումներ են եղել նաև մակրոմիջավայրում: Արձանագրվել է սպասվածից ավել տնտեսական աճ: Գրիգորյանի փաստմամբ՝ դա ևս բավականին մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի վրա:

Share