Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգին անցնելը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ «Ռենկո» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: «10 օր առաջ հանդիպում էի ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր մտադիր էին Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել: Պայմանավորվածության համաձայն՝ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով: Հիմա մենք մտահոգություն ունենք, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում, և մենք մեր պարտավորություններն ինչ-որ առումով չենք կատարում՝ չենք հստակեցնում մեր դիրքորոշումը»,-ասել է վարչապետը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի պաշտոնական հանդիպում է ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ: «Պայմանագիրը հայերեն թարգմանված է և դրված է շրջանառության մեջ, մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ: Հանդիպումներ ենք ունեցել տարբեր հանձնաժողովների փորձագետների հետ և սպասում ենք նախարարության փորձագիտական եզրակացությանն այդ պայմանագրի կապակցությամբ»,-նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ եզրակացությունը կտրամադրվի երկուշաբթի օրը:

Վարչապետի խոսքով՝ քանի որ ներդրումային միջավայրը բարելավելու խնդիր կա, պետք է արագ գործել, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցվեն և պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքն իմանան: «Հակառակ դեպքում ձգձգումը կարող է հակառակ տպավորությունը թողնել: Խնդրում եմ շատ արագ այդ խնդիրը լուծել և անձամբ ինձ զեկուցել դիրքորոշման և եզրակացության մասին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի խնդրին և երկու նկատառում հայտնել: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո: Պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում, կարծում եմ՝ պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք՝ դա պետական կառավարման է մնում, թե, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Իսկ այսօր կարող ենք շատ հստակ հայտարարել՝ բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օՖշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,-նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Վրաստան կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն շատ հաջող և արդյունավետ էր և կնպաստի հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմանը: «Կան հրատապ խնդիրներ: Մասնավորապես՝ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք և 30-40 կիլոմետր վարելով որոշել է հետ դառնալ՝ պատճառաբանելով, որ իր թանկարժեք ավտոբուսը ոչ բարվոք ճանապարհներով վարելով ջարդուփշուր կլինի»-նշել է վարչապետը և հետաքրքրվել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանից, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան: Նախարարը տեղեկացրել է, որ խոսքը Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է, որտեղ ճանապարհների վիճակը վատ է:

«Ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, տեխնիկան տեղափոխված է և շուտով՝ այսօր, վաղը, շինարարությունն այդ հատվածում կսկսվի: Իջևան-Նոյեմբերյան 18.7 կիլոմետր հատվածի մասին է խոսքը: Այս տարվա մրցույթներից տնտեսված գումարներ ունենք, միգուցե ընդլայնենք շինարարական աշխատանքները»,-նշել է Աշոտ Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանը փախվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքից: Փոխվարչապետը նշել է, որ առաջարկվող լուծումներից մեկը պայմանագրի առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ: «Չեմ կարծում որ դա արդյունավետ լուծում է, որովհետև այնտեղ կոռուպցիոն խնդիր կա: Պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերն ստանալ»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Վարչապետը հորդորել է խնդրին տալ առավելագույն արագ լուծում: «Ի վերջո երկու տարի է ճանապարհի այդ հատվածի կառուցումը տեղապտույտի մեջ է և այստեղ նույնպես Վրաստանի հետ առնչություն ունենք, որովհետև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը շատ սերտորեն պայմանավորում է Իրանի և Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության զարգացումը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Share