Բաժին. Ֆինանսական

Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Հունիսի 4-ին Ազգային ժողովում մեկնարկել է պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվել է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը:
 
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների, ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտների համար նախատեսված բյուջեի ծրագրային ցուցանիշի փոփոխության վրա ազդել են 3 խումբ գործոններ. դրանք են՝ արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված դրույթների առանց սահմանափակման գործառնությունների իրականացումը և դրանց արտացոլումը ծախսային և եկամտային մասում, ինչպես նաև կառավարության լիազորությունների շրջանակում իրականացված փոփոխությունները:
 
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ 2017 թվականի պետական բյուջեով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել է 12 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,12 տոկոս կամ 11,9 մլրդ դրամ: Իրականացվել է 17 բյուջետային ծրագիր, օգտագործվել են միջոցներ պահուստային ֆոնդից:
 
«Հիմնական ծախսերը կատարվել են ԱԻՆ փրկարար ծառայության համար, օգտագործվել է 8,6 մլրդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 99,81 տոկոսը: Սեյսմիկ պաշտպանության ծառայության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 100 տոկոսով, որը կազմել է շուրջ 796 մլն դրամ»,- ասել է նախարարը:
 
Ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ.-ին ՀՀ ոստիկանության համար նախատեսված ծրագրային ցուցանիշը կազել է 42,2 մլրդ դրամ, որը հետագայում ճշտվել է ու դարձել 63,6 մլրդ դրամ՝ պայմանավորված օրենքով արտաբյուջետային միջոցներով շրջանառությունների ներառմամբ:
ՀՀ ոստիկանության փաստացի կատարողական կազմել է 98,41 տոկոս կամ 62,6 մլրդ դրամ, իրականացվել է 19 բյուջետային ծրագիր: Հիմնական ծախսերն իրականացվել են հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն բյուջետային դասակարգման բաժիններում. այստեղ տարեկան ճշտված ցուցանիշը կազմել է 61,6 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,37 տոկոս կամ 60,6 մլրդ դրամ:
 
ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2017թ.-ի բյուջեով ճշտված ծրագիրը կազմել է 20,3 մլրդ դրամ, որը կատարվել է 98,52 տոկոսով: Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ դրանից շուրջ 19,97 մլրդ դրամը կամ 98,6 տոկոսը օգտագործվել է «ազգային անվտանգություն» բյուջետային դասակարգման տողով: Պետական պահպանության ծառայության ճշտված ծրագրային ցուցանիշը կատարվել է 99,8 տոկոսով, կամ կատարողականը կազմել է 2,8 մլրդ դրամ:
 
Քննարկման ընթացքում ներկայացված ոլորտների պատասխանատուները ևս անդրադարձել են կատարված ծրագրերին և արձանագրված կատարողականներին, որին հաջորդել է հարցուպատասխանը:

Share