Բաժին. Ֆինանսական

Թափանցիկ ֆինանսական համակարգ. Հայաստանը կբարելավի ներքին աուդիտի որակը

Համաշխարհային բանկի աջակցությամբ  հունիսի 11-12-ը Ծաղկաձորում ընթանում է «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆինանսական ոլորտի մասնագետները երկու օր քննարկելու են պետական  ֆիանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու թեման։ Նիստին մասնակցում է նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի խոսքով`նպատակ ունեն տեղեկություն փոխանակել, վերհանել առկա խնդիրները և առավել արդյունավետ դարձնել աշխատանքը։

«Յուրաքանչյուր երկիր իր ցուցանիշն ունի պետական ծախսերի կառավարման ոլորտում։ Ներքին հսկողության համակարգերը նույնպես տարբեր են, մենք պետք է ունենանք աուդիտային լավագույն համակարգ,  որին հասնելու համար կատարելագործվել է պետք` կոնկրետ քայլեր ձեռնարկելով։ Համապատասխան օրենսդրական դրույթները բարեփոխվում են, մենք կունենաք կատարելագործված համակարգ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ պետական ծախսերն արդյունավետ կառավարելու համար հարկավոր է ներդնել ծրագրային բյուջետավորում, ունենալ հիմնական ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ. այդպես ընդունված է գործել ամբողջ աշխարհում։

Համաշխարհային Բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը հայտնել է, որ ՀԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեկտեղ մշակում է օրենսդրական փաթեթ, որի շնորհիվ կբարձրանա աուդիտորական ընկերությունների գործունեության որակը։

« Ֆինանսական գործունեություն ծավալելու համար ներդրողին անհրաժեշտ է հավաստի տեղեկություն, որը կարող են տրամադրել վստահություն ներշնչող աուդիտրական ընկերությունները։ ՀԲ-ն որոշել է այս անգամ Հայաստանում անցկացնել «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» նիստը, քանի որ տեղում փորձի փոխանակումը կօգնի բարձրացնել վստահությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ»,- ասել է Արման Վաթյանը։

Ծրագրավորած բյուջետավորման ինտիտուտը մեր երկրում կներդրվի 2019 թվականից: Այն հնարավորություն կտա գնահատել պետական ծախսերի կառավարումը բոլոր գերատեսչություններում։

Նիստին մասնակցում են նաև ՌԴ գլխավոր գանձապետ Ռոման Արտյուխինը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, միջազգային փորձագետներ:

Share